Մատչելիության հղումներ

Երեք զոհ եւ տասնյակ վիրավորներ Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով


Երեք մարդ զոհվել է եւ 50-ից ավելին վիրավորվել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած բախումների արդյունքում։

Ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումները տեղի են ունեցել կառավարության շենքի մոտ։ Առողջապահության համակարգի պաշտոնյաները հայտնել են, որ երեք զոհերը սպանվել են հրազենային կրակոցներից, իսկ վիրավորվածների թվում 30-ը քաղաքացիական անձինք են, 24-ը՝ ոստիկաններ:

Associated Press գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ ու ջրցան մեքենաներ են կիառել։ Ավելի քան 20 հազար ցուցարարներ ուրբաթ օրը դուրս էին եկել Տիրանայի փողոցներ, պահանջելով որ երկրի վարչապետ Սալի Բերիշան արտահերթ ընտրություններ նշանակի։ Բողոքի ալիքը բարձրացավ կոռուպցիոն սկանդալի պատճառով, որին հաջորդեց փոխվարչապետ Լիր Միտայի հրաժարականը։

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ ԵԱՀԿ-ն «խորը ափսոսանք» են հայտնել բռնությունների կապակցությամբ։

Ալբանիայի կառավարության եւ ընդդիմադիր սոցիալիստների միջեւ մի քանի ամիս շարունակվող լարվածությունը սրվեց կոռուպցիոն սկանդալի պատճառով:

ՆԱՏՕ-ի անդամ Ալբանիան ձգտում է Եվրամիության անդամ դառնալ, բայց երկրում, ինչպես հաղորդվում է, մեծ տարածում ունի կոռուպցիան ու բարձր է գործազրկության մակարդակը։

Փոխվարչապետի հետ կապված սկանդալը բացահայտվեց, երբ Ալբանիայի մասնավոր հեռուստաընկերություններից մեկը կադրեր է ցուցադրել, որտեղ փոխվարչապետը խնդրել է գործընկերոջը ազդել էլեկտրակայանի կառուցման պայմանագրի հարցում։

Ընդդիմադիր սոցիալիստները, կոռուպցիայից բացի, իշխող Դեմոկրատական կուսակցությանը մեղադրում են նաեւ 2009 թվականի ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, որը վերջիններս հաղթել էին փոքր առավելությամբ։

Հերթական ընտրությունները Ալբանիայում տեղի են ունենալու 2013 թվակաին։ Ընդդիմության աջակիցները արտահերթ ընտրություններ են պահանջել։

Ըստ հաղորդագրությունների՝ ուրբաթ օրը բախումները սկսվել են, երբ մի քանի հարյուր ցուցարարներ, անջատվելով հիմնական բազմությունից, հարձակվել են ոստիկանների շղթայի վրա, փորձելով գրոհել նաեւ կառավարական շենքը։

Ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել նրանց հետ մղելու համար։ Մութն ընկնելուց հետո, հատուկ ջոկատայիններն ու ազգային գվարդիան քաղաքի կենտրոնում մահակներով հետապնդել են ցուցարարներին, ծեծի ենթարկել նրանց։ Տասնյակ երիտասարդներ բերման են ենթարկվել։ Այս պահին ձերբակալվածների թիվը պարզ չէ։

Ալբանիայի նախագահ Բամիր Թոփին քաղաքական առաջնորդներին հորդորել է լիցքաթափել լարվածությունը։

Ընդդիմության առաջնորդ Էդի Ռաման եւս հանդարտության կոչ է արել, սակայն նշելով, որ Բերիշայի կառավարությունը պետք է լսի ցուցարարների պահանջները։

«Մենք վճռականորեն շարունակելու ենք մեր պայքարը։ Ելքը հստակ է. կամ ազատ Ալբանիա՝ բոլորի համար, կամ ժողովրդին ենթակայությամբ պահել բարբարոս ուժի կոշիկի տակ», - ասել է նա։

Ալբանիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը եւ ԵԱՀԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել, «խորապես ափսոսանք հայտնելով, որ Տիրանայում ցույցն ուղեկցվեց բռնություններով, որի արդյունքում զոհեր եղան»։

«Բռնությունները եւ ուժի անհամարժեք կիրառումը չի կարող արդարացվել, ու անհրաժեշտ է խուսափել դրանից։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ հանդարտություն եւ զսպվածություն ցուցաբերել եւ ձեռնպահ մնալ սադրանքներից», - նշված է համատեղ հայտարարությունում։

ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հայտարարությունում քաղաքական ուժերին կոչ է արվում «տարաձայնությունները հարթել կառուցողական երկխոսության եւ փոխզիջումների միջոցով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG