Մատչելիության հղումներ

Շփման գծում հայ զինծառայող է զոհվել. Ղարաբաղի ՊԲ-ն հաղորդում է ադրբեջանցիների «անհամեմատ մեծ» կորուստների մասին


Հունվարի 20-ին ժամը 18:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավային հատվածում` Հորադիզի մերձակայքում տեղակայված իր հենակետերից ադրբեջանական զինուժը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի արդյունքում զոհվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը: Այդ մասին տեղեկացնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը:

«Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմատ մեծ է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են», - ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը տեղի ունեցածը որակում է «ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական սադրիչ քայլը»:

«Շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011 թվականի մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլեւ դիվերսիոն գործողությունների փորձեր», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, ուրբաթ առավոտյան հաղորդել է շփման գծի ոչ թե հարավային, այլ հյուսիսարեւելյան հատվածում` Ադրբեջանի Թերթերի շրջանի Չիլյաբյուրտ գյուղի մոտ ադրբեջանցի սպա Շամիլ Սադիղովի վիրավորվելու մասին: Ադրբեջանական կողմի պնդմամբ` 35-ամյա սպան ոտքերից վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով:

Նույն օրը ավելի ուշ, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից հերքել են ադրբեջանական կողմի կրած մեծ կորուստների մասին հաղորդագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG