Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցելու են միջազգային կազմակերպություններում


Հարավային Կովկաս, Իրանի միջուկային ծրագիր, Բալկաններ. այս եւ մի շարք այլ խնդիրներն էին այսօր ողջ օրվա ընթացքում քննարկում արտգործնախարարներ Ահմետ Դավութօղլուն եւ Սերգեյ Լավրովը` Ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման խորհրդի առաջին նիստի ընթացքում:

Բանակցությունների ավարտին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. - «Մենք բավական մանրամանսորեն կանգ առանք այդ բոլոր խնդիրների վրա` քննարկելով, թե ինչ համատեղ քայլեր կարող են ձեռնարկել մեր պետություններն այս տարածաշրջաններում: Բացի այդ, այսօրվա բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան որոշեցին միջազգային կազմակերպություններում մի շարք համատեղ քայլեր իրականացնել»:

Այսօրվա բանակցությունների կոնկրետ արդյունքներից կարելի է հիշատակել նաեւ երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի վերացմանն ուղղված հետագա քայլերի հստակեցումը:

«Մոտ ապագայում մեր երկու երկրների միջեւ գործող վիզային ռեժիմը վերջնականապես վերացվելու է», - հայտարարել է Ահմետ Դավութօղլուն` հույս հայտնելով, որ առաջիկա ամառային սեզոնի շեմին դա կնպաստի Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների թվի ավելացմանը:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2010-ին Թուրքիայում ամառային հանգիստն անցկացրած ռուսաստանցիների թիվը շուրջ 2, 5 միլիոն է կազմել:

Այսօրվա ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում քննարկման առանցքային միջազգային թեման Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակն էր:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի զարգացնել խաղաղ նպատակներին միտված իր միջուկային ծրագիրը», - նշել է Դավութօղլուն:

Իսկ նրա ռուսաստանցի գործընկերոջ կարծիքով` չի բացառվում, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտություն ծագի:

«Դա հնարավորություն կտա այդ երկրին ավելի արդյունավետ կերպով համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ», - նշել է Լավրովը:

Արդեն վաղը, երկարատեւ դադարից հետո, Ստամբուլում կմեկնարկեն Իրանի միջուկային ծրագրին նվիրված բազմակողմ խորհրդակցությունները, որոնց մասնակցելու նպատակով Թուրքիա են ժամանելու Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաեդ Ջալիլին եւ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG