Մատչելիության հղումներ

Դատարանը կարճեց «Ա1+»-ի հայցը


«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

Այսօր Հայաստանի վարչական դատարանը կարճեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ–ի հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ):

Հայցով, հիշեցնենք, թվային հեռարձակման մրցույթում հեռուստակապուղու արտոնագիր չստացած «Ա1+» հեռուստաընկերությունը դատարանից պահանջել էր պարտավորեցնել ՀՌԱՀ-ին իրեն տրամադրել «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթների կրկնօրինակները:

«Մելտեքս»-ի շահերի պաշտպան Ալեքսանդր Սահակյանը դատական նիստի սկզբում հայտարարեց, որ հայցվոր կողմը իր պահանջը չի պնդում, հայցը հետ է վերցնում եւ խնդրում է գործը կարճել, քանի որ պահանջը կատարվել է. նախորդ նիստին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր կեսօրին ՀՌԱՀ-ը «Ա1+»-ին է տրամադրել այդ փաթեթները:

«Այս ամենը կարելի էր անել 1 ամիս առաջ, սակայն մենք ստիպված եղանք դատարանի միջոցով վերցնել այդ փաթեթները»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Մելտեքս» ընկերության սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը:

«Կուսումնասիրենք [փաթեթները] եւ մեր վերլուծությունը կանենք արդեն այդ առումով», - փոխանցեց Մովսեսյանը` շարունակելով. - «Լուրջ կասկածներ կան, լուրջ խնդիրներ կան: Հիմա մնում է հաստատել [այդ կասկածները] փաստաթղթերով»:

Ի պատասխան իրենց հետագա քայլերին վերաբերող հարցին, Մովսեսյանը ասաց, որ ՀՌԱՀ-ի կայացրած որոշումը պետք է բողոքարկեն մի քանի ուղղություններով, վիճարկելու են նաեւ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի անգործությունը. - «Անօրինական մրցույթ է եղել, եւ պարոն Ամալյանի անգործությունը, որ փոխանակ մրցույթներով զբաղվի, քաղաքական որոշումներ կայացնելով է զբաղված: Եվ հիմնական հարվածը երեւի մենք պետք է հասցնենք այդ ուղղությամբ` անգործության ուղղությամբ»:

«Դատական ատյաններում զարգացումները միանշանակ ի վնաս ՀՌԱՀ-ի են լինելու», - համոզված է Մեսրոպ Մովսեսյանը` ակնհայտ միտում է տեսնելով, որ դեկտեմբերի 16-ին կայացած մրցույթում հանձնաժողովի 7 անդամներ 0, եւ միայն մեկ անդամ` 2 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը:

«Եթե փաթեթը թույլատրվել էր մրցույթի, ինչո՞ւ էր որակավորվել որպես չմասնակցող` 0-ով: Անհասկանալի հակասություն է: Ես միտում եմ տեսնում: Միտումը նա է, որ հանձնաժողովի հիմնական խնդիրը եղել է ապացուցել եւ ցույց տալ Եվրոպային եւ ի լուր աշխարհի, որ «Ա1+»-ը խարդախ է», - հավելեց նա:

Մրցույթից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարել էր, թե «Ա1+»-ի պարտվելու պատճառը ընկերության` ֆինանսական օժանդակության վերաբերյալ ներկայացրած կեղծ փաստաթղթերն են:

«Ա1+»-ը այս ուղղությամբ եւս աշխատանքներ է տանում եւ պատրաստվում է պատասխանատվության կանչել արտոնագիր չստանալու պատճառ հանդիսացած բոլոր կողմերին:

«Պատժվելու են բոլոր մեղավորները», - ասում է Մեսրոպ Մովսեսյանը` հավելելով. - «Ես ենթադրում եմ, որ երկու կողմն էլ մեղավոր են` ե'ւ փաթեթի մեջ տեղ գտած նամակները, ե'ւ պարոն Ամալյանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG