Մատչելիության հղումներ

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հինգշաբթի օրը ժամանելու է Թուրքիա:

Անկարայում Արգենտինայի նախագահին ընդունելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Այս հանդիպումը կասկածի տակ էր եւ պաշտոնապես հաստատվել է մեկ օր առաջ:

Թուրքիայի վարչապետը անցյալ տարվա մայիսին չեղյալ էր հայտարարել իր այցելությունը Արգենտինա, երբ հայ համայնքի ճնշման հետեւանքով Բուենոս Այրեսի իշխանությունները մերժել էին քաղաքի հրապարակներից մեկում տեղադրել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:

Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին պետական այցի շրջանակներում ընդունելու է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն` պաշտոնական հանդիպումները տեղի են ունենալու, երբ Արգենտինայի նախագահը իրականացնի պաշտոնական արարողակարգը եւ կատարի հարգանքի արարողություն թուրքական հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի հիշատակին` նրա դամբարանի առջեւ:

Արգենտինայի հայ եկեղեցու կենտրոնական վարչությունը ինտերնետային արշավ է սկսել, որպեսզի Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները չայցելի Աթաթուրքի դամբարան:

Հայ համայնքը ներկայացնող հաստատությունը նշում է, որ Արգենտինայի կառավարության մարդու իրավունքների քաղաքականությունում հակասություն է գրանցվելու, եթե հարգվի մի մարդ, որը պատասխանատվություն ունի Հայոց ցեղասպանության իրականացման մեջ:

Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների ամուսնու` Նեստոր Կիրշների նախագահության օրոք Արգենտինան ճանաչել եւ դատապարտել է հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG