Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Աթենք, 19-ը հունվարի, 2011թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Աթենք, 19-ը հունվարի, 2011թ.

Չորեքշաբթի օրը Աթենքում կայացած հանդիպման ժամանակ հունահայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանի նախագահին եւս մեկ անգամ ներկայացրել են իրենց դիրքորոշումը, որ Հայաստանը չեղյալ համարի հայ - թուրքական արձանագրությունները:

«Այդ ստորագրությունը, որ դրված է արձանագրությունների նկատմամբ, ետ վերցվի Հայաստանի կառավարության կողմից: Այդ սառեցման ընթացքը, որ դրված է այսօր, մեզ չի բավարարում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմեց համայնքի ներկայացուցիչ, Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Դավիթ Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը «չպատասխանեց որեւէ բան»: «Պարզապես ասացինք մենք մեր դիրքորոշումը: Հիմա ինքը նկատի կունենա կամ ոչ` ինքը գիտե: Սա էր հանդիպման ընթացքում զրույցը, որ եղավ», - նշեց Դավիթ Պետրոսյանը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աթենքի եւ Համայն Հունաստանի արքեպիսկոպոս, Հունաստանի ինքնիշխան ուղղափառ եկեղեցու առաջնորդ Հիերոնիմոս երկրորդի հետ, ում փոխանցել է Հայաստան այցելելու` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերը:

Հանդիպումից հետո Հայաստանի նախագահը Աթենքում այցելել է անհայտ զինվորի հուշարձան եւ իր հարգանքի տուրքը մատուցել` ծաղկեպսակ դնելով հուշարձանին:

Պետական այցի շրջանակներում երկրի ղեկավարն այնուհետեւ հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի, վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի, ինչպես նաեւ Հունաստանի ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասի հետ:

Երեկոյան Հայաստանի նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից կազմակերպվել է ընդունելություն, որին հրավիրված էին Հունաստանի բարձր ղեկավարությունը եւ հունահայ համայնքի ներկայացուցիչներ:

Դավիթ Պետրոսյանի փոխանցմամբ` ընդունելությանը մոտավորապես 500 մարդ է մասնակցել` համայնքի բոլոր կառույցներից, հունական եւ արտասահմանյան կազմակերպություններից, դիվանագիտական ծառայություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG