Մատչելիության հղումներ

Հունվարի 20-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը «մաքուր», 100 տոկոսանոց եվրոպական չինովնիկ չէ. նրա հոգին եւ ուղեղն ամբողջությամբ կաղապարված չեն բովանդակազուրկ բանաձեւերով եւ իր երկրի քաղաքական շահերով: Նա նաեւ իրավապաշտպան է ու թեեւ աշխատում է ԵԽ հովանու ներքո, այնուամենայնիվ, թե իր կարգավիճակով եւ թե մտածելակերպով որոշ չափով անկախ է: Մի խոսքով, Համարբերգը հենց այն արտասահմանցի գործիչն է, ում իրավապաշտպանները, լրագրողական կազմակերպությունները, մարտի 1-ին զոհվածների հարազատները եւ փակված լրատվամիջոցների ղեկավարները պետք է պատմեն իրենց «դարդերը»: Սակայն լինում են դեպքեր, երբ մարդիկ` իրենց քաղաքական կամ «գրանտային» հետաքրքրություններից ելնելով, սկսում են խոսել ոչ թե մեր կյանքում տեղ գտած աղաղակող թերությունների կամ նույնիսկ` ոչ թե իշխանությունների, այլ պետության դեմ: Երբեմն, ասենք, իրավապաշտպանները մեր բանակի մասին ասում են այնպիսի բաներ, որոնք թերեւս չարժե բարձրաձայնել: Նույնպիսի վերապահումներ ես ունեմ, երբ մերոնք Համարբերգին կամ որեւէ մի արտասահմանցու սկսում են համոզել, որ նա աջակցի Հայաստանի դեմ պատժամիջոցների հարցում: Ես տգեղ եմ համարում, երբ որեւէ մեկն ասում է` խփե'ք իմ պետությանը: Գուցե այդ փաստարկը չափից դուրս քնարական է հնչում, բայց, ինձ թվում է, քաղաքականության մեջ նույնպես որոշակի գեղագիտություն պետք է լինի»:

«Հայոց աշխարհ»-ում կարդում ենք. - «Թոմաս Համարբերգի հայաստանյան այցի երկրորդ օրը, ինչպես առաջինը, նույնքան «բուռն ու փոթորկոտ» էր: Քառօրյա այցի հենց սկզբում էլ ակնհայտ դարձավ, որ արմատական ընդդիմությունը հանձնակատարին ընդունում է մեծ խանդավառությամբ, իսկ իշխանական ճամբարը` զուսպ «զգուշավորությամբ»: Առաջինը պարոն Համարբերգից ակնկալում է իշխանությունների նկատմամբ կոշտ վերաբերմունք, ընդհուպ «պատին դեմ տալը», երկրորդը` օբյեկտիվ գնահատական ԵԽԽՎ վերջին բանաձեւի կատարման ընթացքի վերաբերյալ: Իսկ Ստրասբուրգից ժամանած հյուրը առայժմ առաջնորդվում է «լռությունը ոսկի է» սկզբունքով եւ իրեն հոգեհան անող լրագրողներին խորհուրդ տալիս սպասել մինչեւ ուրբաթ օրը, երբ ամփոփիչ ասուլիսում կներկայացնի բոլոր հանդիպումներից ստացած տպավորությունները եւ կհայտնի բարձրացված հարցերի վերաբերյալ իր տեսակետներն ու գնահատականները: Իսկ մինչ այդ աղմկում, խոսում, պատմում են նրանք, ովքեր հանդիպել են հանձնակատարի հետ»:

«Հրապարակ»-ն անդրադառնում է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հանրահավաքին եւ գնահատում. - «Սահուն քայլերով, աննշմար` Տիգրան Կարապետիչը զբաղեցնում է հարթակը: Այն հարթակը, որը թափուր էր մնացել Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի հեռանալուց հետո: Այն հարթակը, որը զբաղեցնելու թաքուն երազ ունեցել են եւ ունեն հայաստանյան բոլոր ուժերը, սակայն համարձակություն` քչերը: Այն հարթակը, որը զբաղեցնելը մեզանում դեպի իշխանություն տանող ուղիղ ճանապարհն է համարվում, ուստի զբաղեցնողների հանդեպ վախը իշխանությունների ողնուղեղի մեջ է մեխված եւ, որպես կանոն, խանգարում է նրա առողջ տրամաբանելուն: Այն հարթակը, որը զբաղեցնողը եւս արագ կտրվում է իրականությունից եւ իրեն երկրի տերն ու տիրակալը զգում: Մի խոսքով` այժմ այդ հարթակում Տիգրան Կարապետիչն է, որը ճիշտ պահին հասկացավ, որ ԱԼՄ-ի խնդիրը չնչին բան է այն հնարավորությունների ու հեռանկարի համեմատ, որն իրեն ընձեռում է այդ կախարդական հարթակը»:

«Երկիր» թերթի հարցազրույցում Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ), տնտեսագետ Արա Նռանյանը անդրադառնում է ներմուծումից Հայաստանի տնտեսության կախվածությանը եւ ասում. - «Հայտնի է, որ ներմուծումը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է մոտ 40 տոկոս: Սակայն դա ոչ թե մեր բացարձակ կամ օբյեկտիվ կախվածությունն է ներմուծումից, այլ ավելի շատ կախված է մեր տնտեսական քաղաքականությունից: Որովհետեւ, եթե ուսումնասիրենք ներմուծման կառուցվածքը, կտեսնենք, որ այդ ապրանքների միայն մի քանիսի մասով ենք միանշանակ կախված արտերկրներից: Մասնավորապես, խոսքը նավթամթերքի, հանքահումքային որոշակի նյութերի եւ վառելիքի կամ որոշակի սննդամթերքի, հացահատիկի մասին է, որոնք պետք է ներկրենք, որովհետեւ առայժմ մեր տնտեսությունը ի վիճակի չէ ապահովել դրանց համապատասխան ծավալները: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ներմուծմամբ զբաղվում են հիմնականում մի խումբ անձինք, որոնք բավական լավ պաշտպանվածություն ունեն ոչ միայն իրավական, այլ նաեւ այդ դաշտից դուրս: Դա թույլ է տալիս նրանց ավելի դյուրին ճանապարհով վաստակել լրացուցիչ գումարներ: Բոլորն էլ հասկանում են, որ ավելի դժվար է արտադրել մեր երկրում, քան ներկրել, եւ դա է պատճառը, որ օրեցօր ներկրման ծավալներն ավելանում են: Եվ ցանկացած տնտեսվարող կամ քաղաքացի, եթե որոշել է բիզնես իրականացնել, առաջին հերթին պետք է պահանջարկ ունեցող ապրանք գտնի արտերկրում եւ ներկրի Հայաստան»:

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG