Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը գյուղատնտեսության զարգացման ապագան տեսնում է «հողերի, տնտեսությունների խոշորացման» մեջ


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ասուլիսը, Երեւան, 19-ը հունվարի, 2011թ.
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ասուլիսը, Երեւան, 19-ը հունվարի, 2011թ.

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը կարելի զարգացնել «հողերի, տնտեսությունների խոշորացման» միջոցով:

Չորեքշաբթի օրը նախարարի պաշտոնում իր առաջին ասուլիսի ժամանակ գյուղնախարարը շեշտեց, որ այդ գործընթացը պետք է իրականացվի կամավոր սկզբունքով:

«Մեր գյուղատնտեսության զարգացման ապագան հողերի, տնտեսությունների խոշորացումն է: Հատկապես Արարատյան դաշտավայրում մանր հողակտորներ են, որոնց վրա հնարավոր չէ մեխանիզացիա իրականացնել, մեխանիզացնել աշխատանքները: Մարզեր այցելությունների ժամանակ մենք պետք է գյուղացիներին բացատրենք, որ մեր ապագան սա է, որպեսզի բոլորը ընդունեն: Սա կամավոր սկզբունքներով պետք է լինի, ոչ թե ստիպողաբար», - ասաց նախարարը:

Գյուղացիական տնտեսությունների խոշորացման կոնտեքստում նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս նախարարությունը Համաշխարհային բանկի հետ քննարկումների փուլում է եւ «շուտով երեւի կհաստատվի» «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում եւ մրցունակություն» վերնագրով ծրագիրը, որը նախատեսված է իրականացնել 2011-2015 թվականներին:

«Սա հիմնականում նպատակաուղղված է անասպահության զարգացմանը: Սա տրվելու է այն ֆերմերային տնտեսությունները, որոնք համախմբվելու են, միավորվելու են», - ասաց Կարապետյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հողերի խոշորացումը ի վերջո չի հանգեցնի խոշոր հողատերերի առաջացմանը, որոնք վնաս կհասցնեն գյուղացիական փոքր տնտեսություններին, նախարարն ասաց.- «Հողերի խոշորացումը եւ տնտեսությունների միավորումը պետք է կատարվի կամավորական սկզբունքներով, ստիպողական ոչինչ չի լինելու: Իսկ ես չունեմ այդ մտավախությունը, ինքը [գյուղացին] չի զրկվելու իր սեփականությունից, դա կլինի միայն այն դեպքում, երբ մեկը վաճառի, մյուսը` գնի»:

Նշենք, որ նորանշանակ նախարարը միաժամանակ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործող խոշոր ընկերություններից մեկի` «Արտֆուդ» պահածոների գործարանի համասեփականատերն է:

Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով գյուղնախարարի պաշտոնին Սերգո Կարապետյանի նշանակմանը, ասել էր. - «Ես այդ մարդուն բան չեմ կարող ասել, սեփականատեր է, «Արտֆուդ»-ը լավ բրենդ է, բայց այդ բազմությունից չի կարելի գյուղնախարար նշանակել, ինքը մթերող է, ինքը գյուղացու բնական հակառակորդն է, Այս նախարարն էլ ձախողելու է, հնարավոր չէ լինել խոշոր գործարանի տնօրեն եւ լավ գյուղնախարար: Լավ գյուղնախարարը գյուղացիներին պետք է համախմբի կոոպերատիվների մեջ, ուժեղացնի գյուղացիներին, որպեսզի նրանք ավելի թանկ վաճառեն, և այդ եկամուտը վերամշակվող արդյունաբերությունից գնա դեպի գյուղատնտեսություն: Նա կանի՞ այդպիսի բան, իր ընկերությանը ի վնաս կաշխատի՞»:

Կարապետյանը այսօր հավաստիացրեց, որ նախարար նշանակվելուց հետո այլեւս չի զբաղվում «Արտֆուդ»-ի կառավարմամբ: Նա նաեւ հրաժարվեց ասել, թե ովքեր են գործարանի մյուս համասեփակատերերը, ասելով, թե չի հիշում: Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` «Արտֆուդի» մյուս համասեփականատերը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է:

Հիշեցնելով, որ անցած տարվա 11 ամիսների տվյալներով անկումը գյուղատնտեսությունում կազմել է 14.5 տոկոս, նախարարը տեղեկացրեց, որ այս տարի ոլորտի համար նախատեսվում է ունենալ 5.6 տոկոս աճ:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG