Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում գտնվող Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը չորեքշաբթի օրը հանդիպել է 2008-ի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ԱԺ-ի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:

«Պարոն Համարբերգը հայտնեց, որ հանդիպել է Սասուն Միքայելյանի հետ եւ հասկանում է, որ առողջական վիճակը իրապես վատթար է, եւ հնարավոր է, որ այդ իրավիճակից ելնելով նրան ազատ արձակեն», - չորեքշաբթի օրը Համարբերգի հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է ազատազրկված մյուս ընդդիմադիրներին, պատգամավորի փոխանցմամբ, Համարբերգն ասել է, որ կա հետեւյալ միջոցը. - «Նրանք պետք է գրեն դիմում ներում շնորհելու մասին: Բայց քանի որ նրանցից ոչ մեկը չի ցանկանում նման դիմումով հանդես գալ, վիճակը, փաստորեն, գտնվում է փակուղու մեջ»:

Մինչդեռ, «Ժառանգության» պատգամավորները Համարբերգին փոխանցել են, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հանդես գալ համաներման նախաձեռնությամբ եւ մեկ ժամվա ընթացքում ազատ արձակել բոլոր կալանավորված ընդդիմադիրներին:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Ազգային ժողովում «Ժառանգության» պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նաեւ տեղեկացրել է, որ վաղը պատրաստվում է հանդիպել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ:

Անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների հարցը Թոմաս Համարբերգը Ազգային ժողովում քննարկել է նաեւ Դաշնակցություն խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրենք Համարբերգին ասել են, որ կալանավորված ընդդիմադիրների խնդրի լուծման հիմնական միջոցը պետք է լիներ համաներումը:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպման ընթացքում Դաշնակցության պատգամավորները անդրադարձել են այն հարցին, թե արդյոք անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչները քաղաքական բանտարկյալներ են, թե ոչ:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք չեն տվել որեւէ գնահատական, համարելով, որ դա իրավաբանների գործն է: Դաշնակցական պատգամավորը նշեց, որ այժմ ԵԽԽՎ-ի իրավական հանձնաժողովում ընթանում է մի գործընթաց, որի նպատակն է հստակեցնել այն չափորոշիչները, որոնցով հստակեցվում է քաղբանտարկյալ տերմինը:

«Մենք ասացինք, որ պատրաստ ենք Եվրախորհրդի կողմից հստակեցված չափորոշիչներով տրված ցանկացած գնահատական ընդունել», - պատմեց Ռուստամյանը:

Եթե ընդդիմադիրները Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ պնդել են, որ Հայաստանի իշխանությունները թերանում են ԵԽԽՎ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում, ապա իշխող կոալիցիայի մաս կազմող խորհրդարանական ուժերը ներկայացրել են իշխանությունների կողմից կատարված «մեծածավալ» աշխատանքները:

«Ակնհայտ է, որ հսկայական աշխատանք է կատարվել, բայց ասել, որ մենք բոլոր խնդիրները, այն, ինչ որ առաջադրվել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին մի քանի բանաձեւերում կատարել ենք, իհարկե, այդպես չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Կոալիցիոն ուժերի հետ հանդիպման ընթացքում Համարբերգը քննարկել է նաեւ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների հարցը:

«Մեր կողմից է եղել ձեւակերպում, եւ ինքը համաձայնեց, որ այո՛, խնդիրը պետք է քննարկել բացառապես իրավական դաշտում», - նշեց Զոհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG