Մատչելիության հղումներ

Կարոլոս Պապուլիաս. «Հայերին եւ հույներին սպանդի է ենթարկել միեւնույն բարբարոսը»


Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Աթենք, 18-ը հունվարի, 2011թ.
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Աթենք, 18-ը հունվարի, 2011թ.
«Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարեւան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտանք անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից», - երեքշաբթի օրը Աթենքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես ուրախ եմ լսելու, որ նաեւ մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի եւ հարեւանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եվ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենանք ավելի կանխատեսելի հարեւան», - ասել է Հայաստանի նախագահը Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում:

«Ես իմ հույն գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Վերահաստատեցի հայկական կողմի դիրքորոշումը, որ, չնայած Բաքվի կողմից ուժի կիրառման անվերջ սպառնալիքներին, մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բանակցային ձեւաչափով կարգավորելու քաղաքականությանը», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Հունաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքները ներկայացնելով` Հայաստանի նախագահը ասել է. - «Մենք բովանդակալից եւ արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ երկկողմ մի շարք հարցերի շուրջ: Արձանագրեցինք, որ կարող ենք ավելին անել, եւ պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ - հունական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու, այդ փոխգործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ»:

Սերժ Սարգսյանը հատուկ առանձնացրել է պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցությունը` «հաշվի առնելով, որ այդ գերատեսչությունները, դրանց գործունեությունը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում»:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը, իր հերթին, հայտարարել է, որ թե' հայերը եւ թե' հույները անցյալում սպանդի են ենթարկվել Թուրքիայի կողմից:

«Մեզ սպանդի է ենթարկել միեւնույն բարբարոսը», - Սերժ Սարգսյանին ասել է Կարոլոս Պապուլիասը:

Նա հավելել է, որ «շատ բան է փոխվել» 20-րդ դարի սկզբից ի վեր, երբ տեղի ունեցան հայերի եւ հույների կոտորածները, եւ ընդգծել է, որ սպառազինության վրա պաշտոնական Աթենքը միլիարդավոր եվրոներ է ծախսում:

«Եթե մեզ վրա չլիներ սպառազինությունների տնտեսական բեռը, մենք Արժույթի միջազգային հիմնադրամի կարիքը չէինք զգա», - ասել է Հունաստանի 81-ամյա նախագահը եւ հավելել, թե Հունաստանը ստիպված է մեծ գումարներ ծախսել սպառազինության վրա, ինչը «անարդարացի է մի ժողովրդի նկատմամբ, որը խաղաղասեր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG