Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հունաստանը Հայաստանի ավանդական բարեկամներից է»


Երեկ երեկոյան Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք:

«Հունաստանը Հայաստանի ավանդական բարեկամներից է», - ընթրիքի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: - «Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ թելերով, որ հյուսվել են վաղնջական ժամանակաշրջաններից: Ձեւավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության: Դա հատկապես դրսեւորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909 թվականի Ադանայի կոտորածներից, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից եւ 1922 թվականի Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի»:

«Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների հարաբերություններն անցան նոր մակարդակ: Մենք սերտ համագործակցություն ենք ծավալում բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային եւ ապակենտրոնացված մակարդակով։ Մենք կիսում ենք համամարդկային միեւնույն արժեքները` ձգտելով միջազգային անվտանգության ու խաղաղության, հավատալով հանդուրժողականության ուժին», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

«Որպես Եվրամիության անդամ, Հունաստանը ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ փոխգործակցությունը խթանելու հարցում, իհարկե, ակնկալում ենք բարեկամ Հունաստանի աջակցությունը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG