Մատչելիության հղումներ

Լրացավ Հրանտ Դինքի սպանության չորրորդ տարին


Հրանտ Դինք
Հրանտ Դինք
2007 թվականի հունվարի 19-ին ընդհատվեց Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ, հայազգի լրագրող Հրանտ Դինքի կյանքը: Նա սպանվեց Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առջեւ` 17-ամյա Օգյուն Սամասթի արձակած երեք կրակոցներից:

Դինքի սպանության գործով կան ձերբակալվածներ եւ երկու տասնյակ կասկածյալներ: Դատավարությունն ընթացքի մեջ է, սակայն հանցագործության հետեւում կանգնած անձինք, Դինքի սպանության իրական մեղավորները այդպես էլ չեն բացահայտվում եւ մնում են անպատիժ, պնդում են «Ակոս»-ի սպանված խմբագրապետի հարազատներն ու ընկերները:

«Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը` կատարողներին ազատ արձակելու, նրանց համապատասխան պատժի չենթարկելու նպատակ ունենալով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծքի հայտնեց երկլեզու «Ակոս»-ի հայերեն տարբերակի խմբագիր Սարգիս Սերոբյանը:

Նրա խոսքերով` Թուրքիայում շատերն են համոզված, որ սպանության անմիջական կատարողների հետեւում կանգնած են հայտնի գործիչներ` բարձրաստիճան զինվորականներ, ոստիկանապետեր, լրտեսներ:

«Տարիներով երկարաձգելով դատավարությունը` ի վերջո մարդկանց ազատ արձակելն է կարծես դատավորների նպատակը, կամ դատավորների հետեւում ով կանգնած է` նրանց նպատակը. արդարադատության նախարար ասեք, պետություն ասեք, «խորունկ պետություն» ասեք, զինվորականներ ասեք, էլ չգիտեմ` ինչ ասեք», - նշեց Սարգիս Սերոբյանը:

Նման ընթացքի դեպքում, համոզված է Սերոբյանը, այս գործը ի վերջո կհասնի Եվրոպական դատարան:

Անցած տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր ճանաչեց Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված երկու հայցերը: Մի դեպքում 2005 թվականից դատական հետապնդումների ենթարկվող Հրանտ Դինքն էր Թուրքիայի դեմ հայց ներկայացրել` բողոքարկելով «թուրքական ինքնությունը վիրավորելու» հոդվածով իր դեմ հարուցված քրեական գործը, մյուս դեպքում` նրա մահից հետո` ընտանիքը. այս անգամ մեղադրանքը վերաբերում էր լրագրողի կյանքի իրավունքը չպաշտպանելու հարցին:

Չորեքշաբթի օրը Հրանտ Դինքի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն Թուրքիայում` համալսարանական կոֆերանսներից մինչեւ մոմավառություն, նաեւ` մեկ ակցիա. այդ միջոցառման կազմակերպիչները` հասարակական մի քանի կազմակերպություններ, կպահանջեն «Ակոս»-ի խմբագրապետի սպանության վայրից ոչ հեռու գտնվող Էրգենեկոնի փողոցը կոչել Հրանտ Դինքի անվան:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, սակայն, այս նախաձեռնության մասին հայտնած Սարգիս Սերոբյանը կարծիք հայտնեց, թե հարցի լուծումը քաղաքապետարանի ջանքերից վեր է: «Դա պետական մակարդակի հարց է», - ասաց նա` հավելելով. - «Պետության միջի ավելի ազգայնամոլ շարքերն են»:

«Հրանտի սկսած գործը կիսատ չմնաց», - համոզված է «Ակոս»-ի խմբագիրներից Սարգիս Սերոբյանը:

«Թեեւ թուրքական ինքնությունը վիրավորելու համար պատիժ նախատեսող 301-րդ հոդվածը դեռ վերացված չէ, բայց արտահայտվելու ազատության առումով շատ բան է հաջողվել փոխել Թուրքիայում», - ընդգծում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG