Մատչելիության հղումներ

Հունվարի 19-ի մամուլ


Անդրադառնալով Թոմաս Համարբերգի հայաստանյան հանդիպումներին` «Ժամանակ»-ի խմբագրականը գնահատում է. - «Ինչ է փոխվում այս ամենից, ինչն է այդ ամենի արդյունքը: Ընդհանրապես, ինչ է Եվրոպայի ուզածը Հայաստանից, եւ ինչ է հայաստանցիների ուզածը Եվրոպայից: Տարատեսակ եվրապատվիրակությունների, տարատեսակ հանձնակատարների գնալ-գալով այս հարցերը չեն որոշակիանում եւ չեն ստանում սպառիչ պատասխաններ: 2008 թվականի մարտի 1-ից ի վեր եվրոպացիները երեք տարի է պարզապես մուկնուկատու են խաղում թե' Հայաստանի իշխանության, թե առավել եւս հասարակության հետ: Երեք տարի շարունակ Հայաստանի բանտերում քաղբանտարկյալներ կան, երեք տարի շարունակ անպատիժ են մարտի 1-ին տասը մարդ սպանած հանցագործները, իսկ Եվրոպան գնում է ու գալիս, ժպտում է ու ձեռք սեղմում: Իսկ օրինակ Բելառուսում մեկ ամիս առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, ընդդիմությանը ծեծելուց ու լիդերներին բանտարկելուց հետո ոչ թե երեք տարի, այլ երեք օր էլ չէր անցել, երբ Եվրոպան սկսեց խոսել այդ երկրի հանդեպ պատժամիջոցների հարցը քննարկելու անհրաժեշտության մասին… Պետք էլ չէ պատրանքներ ունենալ եւ լուրջ ակնկալիքներ եվրոպական աջակցության տեսքով: Ի վերջո, խնդիրը այդ ռեալ պոլիտիկ կոչվածն է, եւ այսքանով ամեն ինչ ասված է»:

Համարբերգի այցին է անդրադարձել նաեւ «Հայոց Աշխարհ»-ը. - «Մեր երկիր եվրապաշտոնյայի այցը պետք է համարել հերթական «ստուգայցերից» մեկը, որոնք անցած տարիներին նրա կողմից եւս անցկացվել են` ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւերի կատարման ընթացքը գնահատելու նպատակով: Մինչդեռ հայրենի արմատականները գյորմամիշի նման թափվել են փողոց, որպեսզի հաջողացնեն փաղաքշել հյուրի «ականջն ու սիրտը», միաժամանակ կարողանան հասցնել բարոյապես ճնշել նրան, որպեսզի նա էլ ճնշի իշխանություններին: Իսկ եթե հերթական անգամ փաղաքշանքն ու ճնշումը ներգործություն չունենան, ՀԱԿ-ը կսկսի նորից ռասկրուտկա անել եվրաչինովնիկի «հետեւողականության ու սկզբունքայնության» բացակայության մասին նաղլը»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, թե Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի Հայաստան կատարած այցի ավարտից հետո պաշտոնապես կհայտարարի իր հրաժարականի մասին. - «Արմեն Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է առաջիկայում հրաժարական ներկայացնելու մտադրության մասին լուրը, սակայն կոնկրետ օր չի նշել: Օմբուդսմենը հաստատել է նաեւ այն, որ ինքն արդեն ստորագրել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ նշանակվելու մասին համաձայնագիրը: Հարությունյանը տեղյակ չէ, թե իրենից հետո ով է նշանակվելու Մարդու իրավունքների պաշտպան»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Հայաստանի քաղաքական իրավիճակի ցանկացած ապակայունացման շրջանում կամ ընտրությունների նախաշեմին մշտապես օրակարգ է մտցվում, այսպես կոչված, «երրորդ ուժի» ստեղծման գաղափարը: Այն ոչ թե հասարակական պահանջարկի, այլ իշխանության հարուցած արհեստածին առաջարկի արդյունք է: Մինչդեռ, Հայաստանում ոչ թե «երրորդ ուժի», այլ որակապես նոր քաղաքականության ի հայտ գալու անհրաժեշտություն կա: Վերացական «երրորդ ուժի» գաղափարն ընդամենը ցանկացած այլընտրանքի ստեղծման հնարավորության բացառման, կեղծ ընդդիմության ձեւավորման խնդիր է լուծում: Առայսօր այն, իբրեւ քաղաքական տեխնոլոգիա, իրեն արդարացրել է, եւ դատելով ներկայիս գործընթացներից, շարունակում է պահանջարկ վայելել: Բայց դա պայմանավորված է ոչ թե իշխանության լայնախոհությամբ կամ քաղաքական հեռատեսությամբ, այլ կամավոր խամաճիկ դառնալու` որոշ քաղաքական ուժերի ու անհատների անզուսպ մղումներով, որոնք մշտապես պատրաստ են ստանձնելու «երրորդ ուժի» ձեւավորման խիստ պատասխանատու առաքելությունը»:

«Ազգ»-ը գրում է. - «Թեպետ ամեն տարի հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, «Ակօսի» խմբագրատան առջեւ կազմակերպվում է բողոքի ցույց, դատական նիստն ուղեկցվում է երթերով, սակայն թուրքական իշխանությունը չի կարողանում իր մեջ քաջություն գտնել արդարադատություն կայացնելու համար: Դինքի սպանությունից անցել է 4 տարի, սակայն ոճրագործները պատժված չեն, դատավարությունն էլ առաջնակարգ շոու է հիշեցնում ու անվերջ ձգձգվում»:


please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG