Մատչելիության հղումներ

«Հայաստանի էլեկտրացանցերն» արդեն նոր տնօրեն ունի


«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկ
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկ

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն արդեն նոր տնօրեն ունի, իսկ նախկին տնօրենը, ընկերության մամլո քարտուղարի հավաստմամբ, պաշտոնի բարձացում է ստացել:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը Երևանից տեղափոխվել է Մոսկվա` ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր, ռուսաստանյան «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ընկերությունում աշխատելու համար: «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի նոր տնօրենը Եվգենի Բիբինն է, որն աշխատել է որպես «Վոլգոգրադ էներգո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն:

Երեքշաբթի օրը երեւանյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ»-ում Գլադունչիկին ազատել են պաշտոնից, քանի որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացված աուդիտի արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դոլարի «կորուստ է հայտնաբերվել»:

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը տեղափոխվում է այլ աշխատանքի մեր սեփականատիրոջ հիմնարկում` «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ»-ի գլխավոր գրասենյակում: Այսինքն, դա պաշտոնի բարձրացում է եւ ոչ թե իջեցում կամ տեղափոխում եւ այլն: Նրա տեղը զբաղեցնելու է Եվգենի Բիբինը», - ասաց Նատալյա Սարաջյանը:

Նա հերքեց մամուլում տեղ գտած տեղեկությունը:

«Ես կարծում եմ` այն, որ նա տեղափոխվում է «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ», արդեն իսկ խոսում է այն մասին, որ որեւէ վատ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող», - ասաց Սարաջյանը:

«Հայաստանի էլեկտրացանցեր»-ը տիրապետում եւ կառավարում է Հայաստանի միջին եւ ցածր լարման բաշխիչ ցանցերը, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում բոլոր սպառողներին էլեկտրաէներգիայի բացառիկ վաճառողն է։

Հայկական մամուլում տարածված տեղեկությունը հերքեց նաեւ Մոսկվայում գտնվող «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ»-ի մամլո քարտուղար Նիկոլայ Գորելովը:

«Երեկ տեղի ունեցավ [«Ինտեր ՌԱՈ ԵԷՍ» ընկերության] տնօրենների խորհրդի նիստը, որը եւ հաստատեց նրան` [Եվգենի Բիբինին], «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում եւ այսօրվանից նա հանդիսանում է ընկերության ղեկավարը: Նոր գլխավոր տնօրենը նշանակվել է այն պատճառով, որ նախկին տնօրենի` Գլադունչիկի պաշտոնը բարձրացվել է, եւ այժմ նա կաշխատի «Ինտեր ՌԱՈ ԵԷՍ»-ի կենտրոնական գրասենյակում, ուստի մենք էլ նշանակել ենք նոր տնօրեն», - ասաց Գորելովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

ՙ«Ազատություն» ռադիոկայանին «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տրամադրած տվյալների համաձայն, վերջին երեք տարիներին ընկերության շահույթը ավելի քան 2.5 անգամ ավելացել է: Եթե 2008 թվականը ընկերությունը եզրափակել է 11 միլիարդ դրամ շահույթով, 2009-ին այն կազմել է 16.7 միլիարդ դրամ, ապա 2010 թվականը ընկերությունը ամփոփել է 25.1 միլիարդ դրամ շահույթով: 2010-ին ընկերությունը կատարել է 27.3 միլիարդ դրամի ներդրում, այս տարի նախատեսում է կատարել 7 միլիարդ դրամի ներդրում:

please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG