Մատչելիության հղումներ

Լեհաստանը արգելել է Լուկաշենկայի մուտքը իր տարածք


Եվրախորհրդարանը քննարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների օրինագիծը։

Եվրամիության երկրներից Լեհաստանն արդեն հայտարարել է, որ այս տարվա հունվարի 31-ից արգելում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկայի եւ բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների` դատավորների, դատախազների, ընդդիմության լիդերներին հալածանքների ենթարկած իրավապահ մարմինների ղեկավարների մուտքն իր տարածք։

Այդ մասին հաղորդել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Վարշավան այդ քայլին է դիմում ի պատասխան անցած տարվա դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից հետո Մինսկում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ «բելառուս իրավապահների ձեռնարկած բիրտ գործողությունների»։

Մի շարք երկրներ եւ միջազգային կազմակերպություններ անմիջապես ընտրություններից հետո են խստորեն դատապարտել Լուկաշենկայի վարչակազմի գործելակերպը։

Լեհաստանի ռադիոյի փոխանցմամբ, Եվրոպական միության նախագահ Հերման վան Ռոմպեյը նախօրեին Վարշավայում ասել է, որ Բելառուսի իշխանություններն այդ կոպիտ հարձակումներով «ետքայլ են արել` դեպի Խորհրդային Միություն»։

«Նման բաները Եվրոպայում անընդունելի են, Եվրոպական միությունը դա անպայման հաշվի կառնի Բելառուսի հետ հարաբերություններում», - ասել է նա։

Ի պատասխան Լուկաշենկայի մուտքը Լեհաստան արգելելու մասին հաղորդագրության, Բելառուսի արտգործնախարարության մամլո քարտուղար Անդրեյ Սավինիխն ասել, է, թե Մինսկում «վերլուծում են խնդիրը եւ փորձում են պաշտոնական խողովակներով տեղեկություններ ստանալ»։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, «Սովետսկայա Բելառուս» պաշտոնաթերթը վերջերս գրել էր, թե Գերմանիայի եւ Լեհաստանի հատուկ ծառայությունները իբր սատարել են Բելառուսի ընդդիմադիրներին, «նյութական եւ քաղաքական աջակցությամբ փորձել են Բելառուսում իշխանափոխություն կազմակերպել»։

Անցած ուրբաթ օրը Լեհաստանում Բելառուսի դեսպան Վիկտոր Գայսենոկին կանչել են արտգործնախարարություն եւ բողոք հայտնել «հոդվածում տեղ գտած անհեթեթ պնդումների կապակցությամբ»։

Պաշտոնական Բեռլինն էլ զայրույթով է արձագանքել։ «Այդ պնդումները բացարձակապես անհիմն են եւ անհեթեթ, մենք կտրականապես հերքում ենք դրանք»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Անդրեաս Պեշկեն։

Բելառուսի արտգործնախարարը ժամանակին հրավեր էր ստացել` մասնակցելու Մյունխենում փետրվարի 4-6-իբ կայանալիք անվտանգության հարցերով միջազգային ամենամյա գագաթնաժողովին: Այդ հեղինակավոր հավաքի կազմակերպիչը` գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը հայտնել է, որ չեղյալ է հայտարարել հրավերը։

Մյունխենյան քննարկումներին մասնակցելու են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը., Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը եւ այլ երկրների բարձրաստիճան ղեկավարներ։

Այսօր Եվրոպական խորհրդարանը քննարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների օրինագիծը։ Վերջնական տարբերակը քվեարկության կդրվի հունվարի 20-ին Ստրասբուրգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG