Մատչելիության հղումներ

Հունվարի 18-ի մամուլ


Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանում առաջիկա համապետական ընտրական շրջանի գլխավոր ինտրիգներից մեկը, գոնե մինչ այժմ, համարվում է Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածության հարցը: Իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը մասնակցի: Կա թերեւս երեք քիչ թե շատ հիմնական տարբերակ, թե ինչու նա կփորձի մասնակցել: Մեկը իշխանատենչությունն է. մարդը պարզապես չի ցանկանում գործնական իշխանությունից հեռու լինել եւ փորձում է վերադառնալ հնարավորինս արագ: Մյուսը կարող է լինել երկրի հանդեպ պատասխանատվության զգացումը. մարդը տեսնում է, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում արդյունավետ կառավարել, խնդիրներ են առաջանում ներքին ու արտաքին ոլորտներում, վտանգներ են կախվում պետական շահի գլխին, հիմնական ընդդիմությանն էլ համարում է նույնպես վտանգավոր, դրա համար էլ փորձում է վերադառնալ եւ շտկել իրավիճակը: Երրորդը կարող է լինել այն, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես մտահոգվում է իր հետագա ճակատագրի համար. մարդը տեսնում է, որ աշխարհում տեղի են ունենում բավական դինամիկ պրոցեսներ, տեղի են ունենում սենսացիոն բացահայտումներ, ընթանում են նոր աշխարհակարգի ակտիվ որոնումներ, բացի այդ տեսնում է, որ Սերժ Սարգսյանն էլ այդ ամենի մեջ փորձում է իր իշխանության հարատեւության երաշխիքներ որոնել, ու չի բացառվում, որ այդ ամենի մեջ հանկարծ առաջանա զոհ տալու անհրաժեշտություն, եւ ամենահարմար եւ թանկարժեք զոհը լինի հենց ինքը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ինչպես տեսնում ենք, իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացիական կամ հասարակական կազմակերպություններն էլ որեւէ արդյունքի չհասնեն: Հետեւաբար թե' մեր վերլուծաբանները, թե' քաղաքացիական նախաձեռնություններով հանդես եկող անկեղծ մարդիկ պիտի խոստովանեն, որ Հայաստանում բոլոր հարցերի լուծումը կախված է մեկ կարեւորագույն քաղաքական հարցից` օրինական իշխանության հաստատումից: Եվ «մաքուր» մնալու, քաղաքական որեւէ թիմի չսատարելու ինտելիգենտական նկրտումները սին են, որովհետեւ նմանատիպ չեզոքությունը ձեռնտու է միայն եւ միայն օրվա իշխանավորներին եւ երկարացնում է անլուծելի, աղետաբեր խնդիրների շարանը… Բայց սրանք ինքնակամ գնացողը չեն: Ուրեմն պետք է կոտրել ձեւավորված կարծրատիպը: Պետք է չվախենալ քաղաքական հայացքներ ունենալուց, որովհետեւ դա բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքն է ու ո'չ քաղաքական գործիչների մենաշնորհը»:

«Հրապարակ»-ի խմբագիրը ասում է. - «Վերջին օրերին տարբեր անձինք, այդ թվում` բարձր պաշտոնյաներ, չեն թաքցնում իրենց զարմանքը Տիգրան Կարապետիչի ծավալած միտինգային գործունեության կապակցությամբ: Քանակի առումով, անշուշտ, կարելի է վիճել, սակայն, որ ԱԼՄ-ն մեզ բոլորիս զարմացրեց իր միտինգային գործունեությամբ, փաստ է: Եվ բանն այն չէ, որ մարդիկ վառվում են ԱԼՄ-ին եթերում տեսնելու ցանկությամբ: Պարզապես հասարակական դժգոհության աստիճանը այնքան մեծ է, որ այժմ մարդկանց ընդունակ է փողոց հանել ցանկացած մեկը: Այդ անձը ընդամենը մի քանի բան պետք է հաշվի առնի` մարդկանց սոցիալական վիճակն ու իշխանություններից դժգոհությունը: Եվ որ ժողովուրդը անկեղծության, ազնվության կարիք ունի եւ պատրաստ է գնալ իր հոգսն ու ցավը հասկացողի ետեւից` անկախ նրանից, թե դա ով է»:

Ազատությունների վերաբերյալ վերջին տարեկան զեկույցում «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղը շարունակելով դիտարկել որպես առանձին միավոր, ի տարբերություն նախորդ զեկույցների, տվել է «ոչ ազատ» բնորոշումը։ Այս խնդրի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանին «Հայոց Աշխարհ»-ը հարցնում է. - ««Ոչ ազատ» գնահատականը նրանք փորձում են հիմնավորել մի «փաստարկով»՝ ԼՂ խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր ուժի բացակայությամբ»։ Բաբայանը պատասխանում է. - «Արցախում եղել են խորհրդարանական ընտրություններ, որոնց ժամանակ պատգամավորական մանդատների համար միմյանց հետ պայքարի մեջ են մտել տարբեր կուսակցություններ։ Եթե դիտարկվում է քաղաքական ազատությունների հարցը, ապա պետք է նայել հետեւյալին. իսկ ի՞նչ ուժ է հայտարարել, որ ինքն ընդդիմություն է, իրեն դրսեւորել է որպես ընդդիմություն, ցանկացել է մասնակցել ընտրություններին, բայց իրեն թույլ չեն տվել։ Չկա նման փաստ։ Եթե «Ֆրիդոմ հաուսը» կարծում է, որ Արցախում կան ուժեր, որոնց ինքը դասում է ընդդիմության շարքը, պետք է նշի, որ այս կամ այս կազմակերպությունները կամ մարդիկ հնարավորություն չեն ունեցել մասնակցել ընտրություններին»։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը նույն հարցով «Առավոտ»-ին ասում է. - «Կարելի է տարբեր կերպ մոտենալ այս փաստին: Կարելի է, օրինակ, ասել, որ սա ազերաթուրքական լոբբինգի արդյունք է, որ նշյալ հեղինակավոր կազմակերպությունը լավ չի ուսումնասիրել իրավիճակը Ղարաբաղում, կարելի է սա որակել որպես ներքին թշնամիների սադրանք եւ կրկին վհուկաորսով զբաղվել, այսինքն` այն, ինչ սովոր են անել մերոնք եւ անում են: Ինձ համար մասամբ ազատն ու ոչ ազատը հավասարապես ամոթալի են: Իսկ ինչո՞ւ չպիտի ազատ լինի իմ հայրենիքը այսքան զոհերից ու կորուստներից, այսքան օգնությունից ու համազգային նվիրումից հետո: Ուղղակի ֆանտաստիկ պայմաններ էին ստեղծված մեր զարգացման համար, ու պարզապես ապաշնորհ պետք է լինել այս ելակետային պայմաններից այս արդյունքին հասնելու համար: Բայց սա առաջին հերթին ղարաբաղյան հանրության խնդիրն է, լուծելիք խնդիրը: Մենք նույնիսկ իրավունք չունենք սովորական առաջընթացի, մենք պիտի թռիչքային զարգացում ունենայինք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG