Մատչելիության հղումներ

Ձվի շուկայում առաջիկայում եւս կարող են խնդիրներ առաջանալ


Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը կարծում է, որ ձվի շուկայում առաջիկայում եւս կարող են խնդիրներ առաջանալ, եթե պահանջարկը կտրուկ աճի:

Եփրեմյանը երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ նման միտումների շարունակման դեպքում արդեն իսկ օրախնդիր կդառնա հավկիթի ներմուծման կազմակերպումը: Իսկ պահանջարկի աճի, մասնավորապես` անցած դեկտեմբերի վերջին այսպես կոչված, «հավկիթային աժիոտաժի» առաջացման մեջ Եփրեմյանը, որոշ առումով նաեւ ԶԼՄ-ների դերը տեսավ:

«Մեր արտադրությունը անցած տարվա համեմատ ավելացավ 10 տոկոսով: Մտածում էի, որ այդ քանակը ինքնաբավ է մեր հանրապետության համար, բայց արի ու տես, որ ժողովուրդը կուլ գնաց աժիոտաժին, մի պահ պատկերացրեց, որ իր համար այդքան կարեւոր նշանակություն ունեցող սննդամթերքը չի լինի, եւ արդյունքում ստացվեց դեֆիցիտ, մի փոքր էլ մամուլի տեղեկատվությունը դրան նպաստեց», - ասաց Եփրեմյանը:

Եփրեմյանի կարծիքով` ձվի շուկայում նկատվող վայրիվերումները գրեթե ամբողջությամբ պայմանավորված են շուկայի տրամաբանությամբ, եւ պատկան մարմինների միջամտությունն այս պարագայում արդյունավետ լինել չի կարող: Այս պնդմանը կտրականապես համաձայն չէր ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի` ձվի սպառման չափաբաժինները տարիներ առաջ հաշվարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից` ըստ այդմ, մարդը օրական սպառում է 0.3 ձու: Պողոսյանի կարծիքով` ձվի դեֆիցիտը անցած տարեվերջին դեռեւս 2010-ի մայիսին սկսված գործընթացների հետեւանքն էր:

«Նախամանորյա առեւտրի «աժիոտաժը» հայտնի է, Նոր տարվա նախօրյակին մարդիկ 2.5 անգամ շատ ձու են գնում սովորականից», - ասաց Արմեն Պողոսյանը:

Այս պարագայում պետության միջամտությունը, ըստ Պողոսյանի հետեւյալ պետք է լիներ. - «Մենք ունենք հավ եւ ձու արտադրող 16 մեծ ձեռնարկություն եւ բազմաթիվ փոքր ձեռնարկություններ: Կարգավորման մասին է խոսքը: Գյուղնախարարությունը պետք է տիրապետի, թե որոնք են այդ ձեռնարկությունները, ինչքան է դրանց միջին, պիկային արտադրությունը եւ նվազագույն, կրիտիկական վիճակներում ինչպես է պետք լրացնել պակասը»:

Պողոսյանը կարծում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պետք է պաշտպանի նաեւ սնանկացման եզրին գտնվող ձեռնարկություններին, ինչպես նաեւ սահմանափակի եւ պատժի այն ընկերություններին, որոնք «կուլ են տալիս» մյուսներին:

ՏՄՊՊՀ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ անցած տարվա գարնանը ձվի շուկայում գրանցված ցածր գների կապակցությամբ հանձնաժողովի իրականացրած հետազոտությունը դեմպինգային երեւույթներ չի բացահայտել: Հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է դեկտեմբերին նկատված ձվի դեֆիցիտի խնդիրը, որը շատ փորձագետների գնահատմամբ արհեստական էր:

Արմեն Պողոսյանն անհեթեթ է համարում այն վիճակը, որ հայաստանյան սպառողի հավկիթի պահանջարկը ներմուծմամբ բավարարվի: Lուսակերտի թռչնաֆաբրիկայի ղեկավարը, մինչդեռ, դա միանգամայն նորմալ է համարում: Նա ասաց, որ հենց իրենց ձեռնարկությունը հավկիթի առաջին ներմուծողներից է:

«Հավկիթները ներմուծվում են Ուկրաինայից եւ Պարսկաստանից: Քանի որ նոյեմբերից Լուսակերտի թռչնաֆաբրիկան արդեն իսկ պատրաստվում էր, որ նման վիճակ պետք է ստեղծվի, առաջին 5 մեքենաները Լուսակերտի թռչնաֆաբրիկան է ներմուծել», - ասաց Եփրեմյանը` հավելելով, որ ներմուծումը դեռ չեն շարունակում:

Ներկայումս երեւանյան խանութներում հավկիթ կարելի է ձեռք բերել առանց որեւէ դժվարության` հատը 50-60 դրամով:

please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG