Մատչելիության հղումներ

Արդարադատության նորանշանակ նախարարի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանի համոզմամբ` «Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան»:

Ավելի կոնկրետ հարցին, թե արդյոք կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը քրեական հանցագործ է, նախարարը արձագանքեց. - «Կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կա Եվրոպական դատարան: Սպասենք… Դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ Վճռաբեկ դատարանի որոշումնե՞րը: Ես նման պարտականություն, նման լիազորություն չունեմ»:

Արձագանքելով պնդմանը, թե միջազզային որոշ կառույցներ նույնպես արձանագրել են, որ Հայաստանում կան քաղաքական հայացքների համար դատապարտված անձինք` նախարարն ասաց, թե դրանք քաղաքական կառույցներ են` հավելելով. - «Երբ իրավաբանական որեւէ կառույց արձանագրի, այդ դեպքում կհամաձայնեմ»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Թովմասյանը ասաց, որ նշանակել է ծառայողական քննություն, պարզելու, թե ինչո՞ւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նամակները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից թերթի խմբագրություն չեն հասնում: Նրա փոխանցմամբ, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Փաշինյանը նամակներ չի հանձնել քրեակատարողական հիմնարկին:

«Ծառայողական քննության արդյունքների մի մասը կա: Ամբողջությամբ ինձ չի գոհացնում: Կնշանակեմ նոր ծառայողական քննություն, կպարզեմ եւ, եթե տեղի է ունեցել խախտում, խոստանում եմ` մեղավորները կպատժվեն», - նշեց Թովմասյանը:

Ասուլիսում հարց հնչեց նաեւ այն մասին, թե արդյո՞ք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետը շարունակելու է աշխատել այդ պաշտոնում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ էթիկայի կանոնները խախտելու համար նրան հրապարակավ պատժի չենթարկելու պատճառով արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը ազատվեց աշխատանքից:

«Իրավական պետությունում անձին նույն արարքի համար չեն կարող երկու անգամ պատասխանատվության ենթարկել: Ինչպես գիտեք` ԴԱՀԿ-ի ծառայության ղեկավարը ենթարկվել է կարգապահական տույժի, ուստի նույն արարքի համար ոչ ոք չի կարող երկրորդ անգամ պատասխանատվության ենթարկվել», - հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հարցին, թե արդյոք անդամակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանը (կոալիցիոն հուշագրով, հիշեցնենք, արդարադատության նախարարի պաշտոնը վերապահված է ՀՀԿ-ին), Հրայր Թովմասյանը պատասխանեց. - «Իմ այսօրվա օրակարգում նման հարց դրված չէ, եւ քաղաքական իշխանությունները իմ առջեւ նման պայման, նման պահանջ չեն դրել»:

Այսօր անկուսակցական Հրայր Թովմասյանը 2003-2005 թվականներին եղել է «Ժառանգություն» կուսակցության անդամ:

Նորանշանակ նախարարը հայտարարեց, որ առաջնորդվելու է «Ո’չ կարճաժամկետ, պոպուլիստական լուծումներին» կարգախոսով: Բարեփոխումները, նրա ձեւակերպմամբ, իրականացվելու են «ոչ թե հեղափոխական, այլ աստիճանական եղանակով»:

«Չկան անլուծելի խնդիրներ: Կան դրանք լուծելու կարողություն կամ ցանկություն չունեցող մարդիկ», - ասաց նա` հավելելով. - «Ցանկացած խնդիր ունի իր լուծումը»:

Նրա խոսքով` այդ լուծումը կարող ես անգամ մեկ տարում չստանալ, բայց ինքը տեսնում է այն «քայլերի ամբողջությունը, որ տանելու են այդ խնդիրների լուծմանը»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG