Մատչելիության հղումներ

Համարբերգը կհանդիպի Հայաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ


Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ

Հունվարի 18-21-ը Երեւան կատարելիք այցի շրջանակներում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը կհանդիպի եւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ իր այցի շրջանակներում Թոմաս Համարբերգը հանդիպելու է Հայաստանի նախագահի, արտգործնախարարի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի եւ ոստիկանապետի հետ: Հայաստանի իշխանությունների հետ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի երկխոսությունը հիմնականում կենտրոնացված է լինելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի վրա:

Հունվարի 19-ին Համարբերգն այցելելու է Ազգային Ժողով: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին ԱԺ լրատվական ծառայությունից, նա հանդիպելու է խորհրդարանի փոխխոսնակ, մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաեւ իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր խմբակցությունների հետ:

Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրեն դեռ հայտնի չէ, թե ինչ հարցերի շուրջ է զրուցելու Համարբերգի հետ, բայց կանխատեսում է, որ վերջինիս կհետաքրքրեն իր գնահատականները Մարտի 1-ի նախկին հանձնաժողովի զեկույցում մատնանշված խնդիրների լուծման գործընթացի վերաբերյալ, ինչը Նիկոյանը դրական է գնահատում:

Համարբերգը առանձին հանդիպում կունենա նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ:

Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկելու են եվրոպացի պաշտոնյային հուզող հարցերը:

«Ես ոչ մի հարց մտադիր չեմ բարձրաձայնելու, ուղղակի քննարկելու ենք, քանի որ հանդիպումս լինելու է մյուս բոլոր հանդիպումներից հետո, այն բաց հարցերը, որ կմնանան պարոն Համարբերգի մոտ, կարծում եմ, որ դրանց կանդրադառնանք», - ասաց Հարությունյանը` հավելելով, որ ԵԽԽՎ 1677 բանաձեւի քննարկումը եւս կախված կլինի Համմարբերգից:

Հարցին, թե ադյո՞ք Հայաստանը կատարում է ԵԽԽՎ 1677 բանաձեւի պահանջները, Հարությունյանը պատասխանեց. «Ամեն ինչ կատարման ընթացքում է»:

Մինչդեռ 1677 բանաձեւի կատարման ընթացքը բավարար չի գնահատում ԱԺ-ի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը: Ինչպես փոխանցեց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, Մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպման ընթացքում իրենք բարձրացնելու են անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների ազատ արձակման, մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուների բացահայտման հարցերը, ինչպես նաեւ մամուլի ազատության սահմանափակումների խնդիրը:

Երեքշաբթի երեկոյան Թոմաս Համարբերգին իր տանը ընդունելու է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արտախորհրդարանական ընդդիմությունը եւս Համարբերգի ուշադրությունը հրավիրելու է անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների, մարտի 1-ի սպանությունների չբացահայտման եւ այլ հարցերի վրա:

«Մամուլի ազատության հետ կապված իրավիճակը ավելի է վատացել, ոչ միայն «Ա1+»-ը չբացվեց, այլ փակվեցին այլ հեռուստատեսություններ եւ ընդհանրապես սահմանափակվեց Հայաստանում հեռարձակման հնարավորությունները», - ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Եվրոպայի Խորհրդի երեւանյան գրասենյակից, Համարբերգը ցանկություն է հայտնել հանդիպել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ: Նրա գրասենյակը դիմել է հանդիպումը կազմակերպելու խնդրանքով: Նախատեսվում է հանդիպում նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ:

Մինչ այդ «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» երեքշաբթի օրը անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջով պիկետ է սկսում «Արմենիա - Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ իջեւանելու է եվրոպացի պաշտոնյան:

«Նրանք պարտավոր են ստիպել Հայաստանին եւ Հայաստանի կարգի ցանկացած երկրի` շուտափույթ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նրանք թերացել են իրենց պայքարում, եւ մենք վաղը նրանցից պահանջելու ենք, որ լիարժեքորեն իրականացնեն իրենց գործառույթները», - ասաց կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպելու է նաեւ իրավապաշտպան կազմակերպություններին: Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փոխանցեց, որ հանդիպմանը մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքների վերաբերյալ մտահոգություններից բացի մտադիր է ներկայացնել նաեւ բանակում տեղի ունեցող միջադեպերը, քրեակատարողական հիմնարկներում ու ոստիկանության բաժանմունքներում տիրող իրավիճակը: Սաքունցը, մասնավորապես, մտադիր է անդրադառնալ ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում անցյալ տարի մահացած Վահան Խալաֆյանի գործով քննությանը, որը, իրավապաշտպանի գնահատմամբ, ոչ օբյեկտիվ է կատարվել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG