Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանը արտաքին քաղաքականության ասպարեզում որեւէ առաջընթաց չի տեսնում


Ալեքսանդր Արզումանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ, 2010 թվականին Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը որեւէ առաջխաղացում չի արձանագրել:

«Շարունակվել է վերջին երկու տարիների ավանդույթը: Արտաքին քսղաքական գերատեսչությունը շարունակել է սպասարկել Հայաստանի ներքին քաղաքականությունը», - երկուշաբթի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց Արզումանյանը:

Նախկին արտգործնախարարի խոսքով, Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը փորձ է անում որպես առաջխաղացում, միջազգային տարբեր բանաձեւերի ոգուն համապատասխան քայլեր ներկայացնել «այն բեսպրեդելը, որը տեղի է ունենում Հայաստանի ներքին կյանքում»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ամփոփելով 2010 թվականը, անցած ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը ասել էր, թե պաշտոնական Երեւանի հետեւողական քայլերի շնորհիվ Հայաստանը միջազգային հանրության կողմից դիտվում է որպես հուսալի եւ կանխատեսելի գործընկեր:

Մինչդեռ, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, Ալեքսանդր Արզումանյանը կարծիք հայտնեց, որ անցած տարվա ընթացքում էլ ավելի ամրապնդվել է 1 տարի առաջ Աթենքում ընդունված այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը միջազգային հանրությունը պատկերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակների ներքո:

«Դա եւս մեկ անգամ վերահաստատվեց եւ Աստանայում էլ բոլորի կողմից հավանություն ստացավ, այնպես որ Հայաստանը շարունակում է դիտարկվել որպես ոչ հուսալի գործընկեր: Դրա վկայություններից եղան Wikileaks-ի այն հայտնի արտահոսքերը, որոնք եւս մեկ անգամ շատ ծանր վիճակի մեջ դրեցին Հայաստանին: Կարծում եմ, որ այս իշխանությունների վերջին 10-12 տարիներին արած նման գործողություններին մենք դեռ վկա կլինենք գալիք տարվա ընթացքում», - նաեւ ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Այսօր ավելի ուշ` լրագրողների հետ հանդիպմանը Արզումանյանը հայտարարեց, որ մեկնարկած տարում Հայաստանի արտաքին քաղաքականության առջեւ կանգնած թիվ մեկ մարտահրավերն է` թույլ չտալ, որ «Լեռնային Ղարաբաղում սկսվեն ռազմական գործողություններ». - «Մենք այդ ճանապարհը անցել ենք, մենք ռազմի դաշտում ապացուցել ենք մեր իրավունքը. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է խոսքը` ազատ ապրելու իրենց իրավունքը… Հիմա մնում է, որ, համոթ դիվանագիտության, փորձենք, ներքաշվելով տարբեր դիվանագիտական գործընթացների մեջ, գտնենք ինչ-որ հանգուցալուծում»:

Արզումանյանի կարծիքով, 2011-ը յուրատեսակ մեկնարկի տարի է լինելու, երբ, միմյանց հաջորդելով, ընտրություններ են անցկացվելու ղարաբաղյան խնդրի հետ կապ ունեցող տարբեր երկրներում:

«Թուրքիայից կսկվի եւ կգնա ընդհուպ մինչեւ Վաշինգտոն, Ռուսաստան եւ այլն: Այդ պարագայում շատ դժվար է ակնկալել, որ միջազգային հանրությունը այդքան մեծ նշանակություն կտա Ղարաբաղի հարցի կարգավորմանը: Այս իշխանությունը, որը փաստորեն չունի ո'չ ներքին, ո'չ արտաքին լեգիտիմություն, բավականին հաջողությամբ կարողանում է խուսանավել եւ փորձ է անելու ստատուս քվոն պահպանելու առումով ամեն ինչ անել, որ հարցը մտնի արդեն մյուսների նախընտրական փուլ», - հավելեց նա:

Պատասխանելով Եվրախորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի` վաղը սկսվող հայաստանյան այցի մասին հարցին` Ալեքսանդր Արզումանյանը ասաց. - «Չեն կասկածում իր եւ իր ղեկավարած ինստիտուտի անաչառությանը, անկեղծությանը եւ սկզբունքայնությանը: Վստահ եմ, որ Համարբերգի այցելության շրջանակներում կամ դրան հետեւող մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում եւս մի քանի քաղբանտարկյալ ազատ կարձակվեն»:

Արզումանյանը անդրադարձավ նաեւ Հարավային Սուդանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին` բնորոշելով այդ գործընթացը որպես աշխարհում ընթացող «ապագաղութացման հերթական քայլերից մեկը»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի հետ Հարավային Սուդանում տեղի ուենցած հանրաքվեի առնչություններին, Արզումանյանը մանրամասնեց. - «Ցանկացած դրական բան, որ կարող է օգտագործվել որպես փաստարկ բանակցությունների ընթացքում, ողջունելի է եւ պետք է օգտագործել… Բայց այդ պրոցեսը, ցավոք սրտի, չի վերաբերվում մեզ»:

Նշելով, որ Արեւելյան Եվրոպայի հակամարատություններին ավելի շատ անդրադարձ է կատարվում ոչ թե ապագաղութացման գործընթացի տրամաբանությամբ, այլ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեք հիմնարար սկզբունքներով` տարածքայաին ամբողջականություն, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում եւ ինքնորոշման իրավունք, Արզումանյանը եզրափակեց. - «Կովոսոն մեզ համար շատ ավելի ընդունելի նախադեպ է: Ինչպես նաեւ` Աբխազիան, Օսեթիան եւ այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG