Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում երկու հայ զինծառայող է վիրավորվել:

ԼՂ Պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, միայն անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց:

Հունվարի 14-ին շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 1992թ.ծնված Վարդան Անդրանիկի Հարությունյանը: Զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:

Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել շփման գծի արեւելյան (Ասկերանի) ուղղությամբ: Հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող 1992թ. ծնված Խաչատուր Մուրադի Ասլանյանը: Նա նույնպես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:

«Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները եւ վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը», - երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ հայտարարել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը հավելել է. - «Ադրբեջանի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող զինվորին` մղելով հերոսության: Այդ փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG