Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ, Հանրապետության արտաքին պարտքի այժմյան մակարդակի պայմաններում 2013-14 թվականներին Հայաստանը ի զորու չի լինելու վճարել վարկային տոկոսները` հայտնվելով դեֆոլտի իրավիճակում:

«Ընդամենը 3 տարում, պետությունը ավելի շատ պարտք վերցրեց, քան մինչեւ այդ ուներ 15 տարում: Հիմա մենք ունենք 4.2 միլիարդ [դոլար է արտաքին պարտքը], եւ 2013թ.-ին 500 միլիոն պիտի վճարենք, 2014թ.-ին 700 միլիոն [դոլար]», - ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

«Արդեն մենք վարկի սպասարկման համար պիտի վճարենք այնքան, ինչքան մեր բյուջեն է: Մենք դեֆոլտի ենք գնում 2013-14 թվականներին: 2013-ի կեսերից կտեսնեք խայտառակ վիճակ, երբ մասսայաբար աշխատավարձ չեն վճարում: Կամ էլ պիտի գնան նորից նոր պարտք վերցնեն ռուսներից: Այն էլ` ռուսների ինչի՞ դիմաց պիտի 1 միլիարդ պարտքով տան: Սեւանա լճի՞, սարերի՞, անտառների՞, արդեն ժողովրդի՞ դիմաց», - հարցնում է նախկին վարչապետը:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը չհամաձայնվեց նախկին վարչապետի հնչեցրած գնահատականների հետ:

«Մենք բավականին զսպվածություն ենք դրսեւորում պարտքի կառավարման եւ նոր պարտք վերցնելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է 13-14 թվականներին, բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանը դեռեւս հեռու է նմանատիպ ռիսկերից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարարը:

Վարդան Արամյանը նաեւ ասաց, որ Բագրատյանի հնչեցրած կանխատեսումները, թե 2013-14 թվականներին Հայաստանի պետական պարտքը սպասարկելու համար անհրաժեշտ կլինի 500-ից 700 միլիոն դոլար, չեն համապատասխանում իրականությանը:

«Կենտրոնական բանկի մարումներն էլ հաշվի առնելով, մոտավորապես 377 միլիոն կունենանք 2013 թվականին եւ մոտավորապես 249 միլիոն` 2014 թվականին: Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա հեշտությամբ մարել այդ գումարները, որովհետեւ առաջիկա տարիներին մենք տնտեսական աճ ենք ակնկալում», - պարզաբանեց ֆինանսների փոխնախարարը:

2011թ.-ի պետբյուջեով նախատեսված է 4.6 տոկոս տնտեսական աճ: Ըստ Հրանտ Բագրատյանի, 2009-ի տնտեսական անկումը (14.4 տոկոս) այնքան զգալի էր, որ եթե իշխանությունները ոչինչ էլ չձեռնարկեն, միեւնույն է` դրա համեմատությամբ այս տարի տնտեսությունում աճ կունենաք:

«Որովհետեւ երկու տարի իրենք այնպիսի անկում են ունեցել, որ ինքն իրեն տնտեսությունը կվերականգնվի: Եթե ոչինչ չանեն, աշխատանքի չգնան` [վարչապետ] Տիգրան Սարգսյանը 8 ամիս արձակուրդ վերցնի, մոտ 7 տոկոս աճ կստանանք», - հայտարարեց Բագրատյանը:

«Եթե կառավարությունը գործողությունները չաներ, մեր ճգնաժամը 14.4-ց ավելի խորը կլիներ 2009 թվականին, իսկ դրանից հետո` վերականգնման ժամանակահատվածը ավելի երկար կտեւեր», - հակադարձեց Արամյանը:

Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, եթե 2000թ.-ին Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 858.7 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2008թ.-ին` 1577.1 միլիոն դոլար, իսկ 2010թ.-ի նոյեմբերի դրությամբ 3228.1 միլիոն դոլար: Նույն` 2010թ.-ի նոյեմբերի դրությամբ ՀՆԱ-ն կազմել է 8281.8 միլիոն դոլար:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG