Մատչելիության հղումներ

ԼՂ-ում քննարկում են որոշակի խավերի բնակարանային պայմանները բարելավելու հարցը


Լեռնային Ղարաբաղում քննարկումներ են ընթանում փախստականների, զինվորականների եւ մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ:

Նրանց բնակարանային խնդիրը մինչ օրս մասամբ է լուծված:

Հունվարի 13-ին ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված աշխատանքային հանդիպման ժամանակ վերջինս ընդգծեց, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:

Առայժմ, ինչպես տեղակացնում են սոցիալական ապահովության նախարարությունից, հայտնի չէ, թե այս տարվա ընթացքում քանի ընտանիք է այդ ծրագրով բնակարան ստանալու: Հայտնի չէ նաեւ այն փախստականների թիվը, որոնք բնակարանային խնդիրներ ունեն:

Այս մարդկանց խնդիրները կարծես թե նոր-նոր են դառնում Լեռնային Ղարաբաղի կառավարության քննարկման թեման: ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը վերջապես կոնկրետ խոստումներ է տալիս փախստականների բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ:

«Մեր բնակարանային հանձնաժողովի կողմից 2011-ին սկսվելու է ուսումնասիրությունը ամբողջությամբ, ավարտվելու դեպքում ներկայացնելու ենք երկրի նախագահին, համապատասխան հանձնարարականները լինելու են, եւ կառավարությունը, եթե 2011-ի վերջին ծրագիրը չսկսի, ապա 2012-ին կսկսի փախստականների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը», -ասաց Արա Հարությունյանը:

Կբարելավվեն նաեւ վերաբնակիչների բնակարանային պայմանները: 2010 թվականին պետական միջոցներով 160 տուն է վերանորոգվել: 2011-ին Քաղաքաշինության նախարարության տվյալների համաձայն, Լաչինի շրջանին նախատեսվում է հատկացնել 150 միլիոն դրամ, իսկ մյուս շրջաններին` 50 միլիոն դրամ:

Վերաբնակիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում շեշտում են, որ երիտասարդներին Ղարաբաղում պահելու համար կարեւոր է բարելավել նրանց բնակարանները:

«Առաջ չէի էլ ուզում այստեղ ապրել, անգամ ուզում էի թողնել-գնալ, 10-12 տարի խոնավ սենյակում ենք ապրել, հիմա որ գալիս եմ այստեղ, մոռանում եմ ամեն ինչ», - ասում է վերանորոգված տուն ունեցող վերաբնակիչներից մեկը:

Պաշտպանության նախարարության տվյալներով` 2010 թվականին 106 բնակարան է հանձնվել սպաներին: Նախարար Մովսես Հակոբյանի խոսքով` դեռեւս 1086 զինծառայող եւ թոշակառու սպասում են իրենց բնակարանային հերթին:

please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG