Մատչելիության հղումներ

Եվրամիությունը եւ Ադրբեջանը գազի փոխադրման պայմանագիր կնքեցին


Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հարավային միջանցքի հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ, Բաքու, 13-ը հունվարի, 2011թ.

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հարավային միջանցքի հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ, Բաքու, 13-ը հունվարի, 2011թ.

Հինգշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու են ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը: Այցի օրակարգում Եվրամիության երկրներ գազի առաքման խնդիրներն են։

Նույն օրն իսկ Եվրամիությունը եւ Ադրբեջանը կնքել են երեք համաձայնագիր, այդ թվում այսպես կոչված Հարավային միջանցքի հռչակագիրը։ Եվրոպան ցանկանում է այդ միջանցքով գազ ստանալ եւ այդպես մեղմել էներգակիրների հարցում իր կախվածությունը վառելիքի հիմնական մատակարար Ռուսաստանից։ Գազի փոխադրման մի քանի ծրագրեր, այդ թվում` 3 հազար 300 կիլոմետր երկարությամբ Nabucco-ն ներառող Հարավային միջանցքը, շրջանցելու են Ռուսաստանի տարածքը։

Անցած մի քանի տարում ռուսական գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով պարբերաբար խափանվել է, ռուսները սակագնի վերաբերյալ վեճեր ունեն ոչ միայն պաշտոնական Կիեւի, այլեւ Մինսկի հետ։

Եվրոպական միությունը ներկայումս վառելիքի շուրջ 40 տոկոսը Ռուսաստանից է ստանում։

«Սա շատ կարեւոր առաջընթաց է։ Այս նոր ուղին նպաստելու է եվրոպացի սպառողների եւ եվրոպական արտադրողների էներգետիկ անվտանգությանը», - հինգշաբթի օրը Բաքվում ասել է Բարոզուն։

Համաձայնագրով ադրբեջանական կողմը պարտավորվում է կասպյան վառելիքի նշանակալից քանակություն տրամադրել Հարավային միջանցքին։ Եվրոպան եւ Ադրբեջանը համատեղ են հոգալու գազատարի անցկացման եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ծախսերը։ Nabucco-ն RWE AG գերմանական ընկերությունն է անցկացնելու։

Չլուծված հարցերից մեկը Շահ Դենիզի երկրորդ հանքի շահագործումն է, ադրբեջանցիները չեն բացառում տենդերը որեւէ այլ ընկերության շնորհելու տարբերակը։

«Եվրամիության համար շատ կարեւոր է, որ եվրոպական ծրագրի իրականացումը տրվի եվրոպական ընկերությանը», - Բաքվում ասել է Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերի խոսնակ Մերլեն Հոլցները։

Մասնագետներից ոմանք համարում են, որ Nabucco-ն ենթադրում է գազի փոխադրման այնպիսի մեծ ծավալ, որը Կասպյան տարածաշրջանը գուցեեւ չապահովի։

«2020-ից շուտ չի լինի Nabucco-ի համար անհրաժեշտ գազ, փոքր ծրագրերը, թերեւս, ավելի նպատակահարմար են», - ասել է Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Ջոնաթան Սթերնը։

Ինստիտուտի փորձագետների կատարած հաշվարկների համաձայն` առնվազն մինչեւ 2018 թվականը Շահ Դենիզի երկրորդ հանքից կարդյունահանվի 10 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը Nabucco-ի արդյունավետ աշխատանքի համար պահանջվող վառելիքի մեկ երրորդից էլ քիչ է։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG