Մատչելիության հղումներ

Հունվարի 14-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Կարծես թե բավարար նախադրյալներ կան` ասելու, որ իշխանությունը 2012 թվականի խորհրդարանի, իսկ գուցե նաև 2013 թվականի նախագահի ընտրությանն ընդառաջ է գնալու բավական լայն ճակատով, բազում դեմքերով: Պարզ է, որ իշխանությունն, անկասկած, փորձելու է հնարավորինս արդյունավետորեն խաղարկել «Ժառանգության» եւ Դաշնակցության պարագան: Նրանք հայտարարված ընդդիմություն են: Եթե «Ժառանգությունը» բազմիցս ապացուցել է, որ այդ հայտարարությունը առնվազն շատ մոտ է իրականությանը, ապա Դաշնակցության պարագայում իրավիճակը խիստ հարաբերական է: Այդուհանդերձ, իշխանությանը խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ձեռնտու կլինի հնարավորինս ընդգծել Դաշնակցությանը` որպես ընդդիմադիր ուժ: Չի բացառվում, որ լինեն նույնիսկ որոշակի կոսմետիկ հալածանքներ` Դաշնակցության ընդդիմություն լինելը հնարավորինս համոզիչ դարձնելու համար: «Ժառանգության» դեպքում, թերեւս, այդպիսի կոսմետիկայի կարիք չկա, պարզապես իշխանությունը երեւի թե կփորձի իր կողմից որոշակիորեն ոգեշնչել «Ժառանգությանը», ինքնավստահություն հաղորդել որպես ընդդիմադիր ուժ, որպեսզի վերջինս հանկարծ չփորձի մի կողմ դնել հավակնություններն ու Հայ ազգային կոնգրեսի հետ հանդես գա միասնական ճակատով»:

Ընդդիմության թեման շարունակում է «Հայոց Աշխարհ»-ը. - «Հունվար ամիսը հայրենի արմատականների համար 2008-ից սկսած դարձել է «եվրոպական ակնկալիքների» շրջան: Յուրաքանչյուր տարեսկիզբ Հայ ազգային կոնգրեսի համար առանձնապես հուսադրող է այն առումով, որ Հայաստան ժամանող եվրոպաշտոնյաները կամ մեկնարկող Եվրախորհրդի խորհրդարանակն վեհաժողովի ձմեռային նստաշրջանն ընդունած որոշումներով կարդարացնեն իրենց ակնկալիքները: Հին ակնկալիքները: Քանզի դրանք նույնն են եղել թե 2009-ի հունվարին, թե 2010-ի հունվարին: Եվ քանի որ հին ակնկալիքները չեն իրականացել, դրանք նույնությամբ «տեղափոխվել» են այս հունվար: Ի՞նչ է ակնկալում կոնգրեսի ղեկավարությունը Եվրախորհրդից: Դե, իհարկե, առաջին հերթին Հայաստանի նկատմամբ սանկցիաների կիրառում, եթե հնարավոր է շատ խիստ, ասենք, մեր երկիրը ԵԽ-ից դուրս շպրտելը կամ գոնե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը»:

«Իրավունք»-ը գրում է. - ««Կոնգրեսի» ձեռքից, ըստ էության, դուրս մնաց փակված էլեկտրոնային լրատվամիջոցների վերաբերյալ բարձրաձայնողի մենաշնորհը: Այժմ ավանդական «Ա1+»-ի խնդրին գումարվել ԱԼՄ-ի հարցը, որը միանգամայն այլ դաշտում է, քան «նարնջագույնների» պատկերացումները: Իսկ դա, անշուշտ, մեղմ ասած չի նպաստի «Կոնգրեսի» վարկանիշի աճին, քանզի «խոսքի ազատության ոտնահարման» հաղթաթուղթը այլեւս չունեն: Նույն «Կոնգրեսի» ներսում էլ տրոհմանը տանող գործընթացներ կան: Հավակնոտ գործիչների պակաս այդտեղ չկա, եւ նրանցից շատերը հասկանում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գործնականում սպառում է իր` առաջնորդ լինելու հնարավորությունները, ուստի ստվերում արդեն իսկ ծավալված է պայքարը հաջորդ առաջնորդի դափնիների համար: Այդ պայքարի դրսեւորումներից մեկը պետք է համարել նաեւ ՀՀՇ-ի վերջին համագումարից հետո հույժ նեղացած Կարապետ Ռուբինյանի նոր նախաձեռնությունը այս անգամ ինտերնետում: Առաջին հայացքից դա ընդամենը «նարնջագույնների» քարոզչական պայքարի ընդլայնում է ու ոչ ավելին: Բայց իրականում դա նախեւառաջ ներազդելու է հենց «Կոնգրեսի» ներսի մթնոլորտի վրա»:

Ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է. - «Ամենայն հավանականությամբ, կոալիցիան կմասնատվի, կտրոհվի, որովհետեւ շահերի լրջագույն բախում կա: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ պարբերաբար հանդիպում են Ռոբերտ Քոչարյանին` խնդրելով, որ նա վերադառնա: Եթե իմ ունեցած լուրերը ճիշտ են, ապա Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ երկու կուսակցությամբ` Դաշնակցություն կամ «Բարգավաճ Հայաստան»: Եվ այդ կուսակցությունները, որ տարբեր կարգի չինովնիկներ վազում են Ռոբերտ Քոչարյանի հետ գաղտնազրույցների, ուղղակի կասկածների տեղիք են տալիս, որ «Բարգավաճ Հայաստան»-ի այս համագումարը միգուցե կապված լինի նաեւ կուսակցության որոշակի հայտարարությամբ: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը նաեւ դառնա կուսակցության լիդերը կամ Գագիկ Ծառուկյանի հետ հավասար դեմքերից մեկը: Այնպես որ, սպասենք համագումարին…»:

«Հրապարակ» թերթը զրուցել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Արդյո՞ք ոչ մի նախագահ Ձեզ չի՞ կարող ազատել աշխատանքից»: Ղուկասյանը պատասխանում է. -«Հայաստանի Հանրապետության նախագահը ո՞նց կարող է նման խնդիրների հետ քննարկվի: Խնդրում եմ տարանջատեք ժողովրդական ընտրությունը պետական նշանակովի պաշտոնյանից: Իսկ ՀՀ-ում նմանատիպ բան ես հլը չեմ իմացել, որ ժողովրդի ընտրյալին մեկը հրամայականով, խեղդելով-բանով ինչ-որ բան լինի: Ես դա չեմ պատկերացնում եւ չգիտեմ դեպք, որ ժողովրդի ընտրյալին ասեն՝ դու պիտի թողնես, գնաս: Դուք լսե՞լ եք նմանատիպ բան»: Հարց. - «Ասել է թե՝ Երեւանի քաղաքապետը, ըստ Ձեզ, ընտրյալ չէր, որ հեռացվեց»: Պատասխան. - «Երեւանի քաղաքապետը ինքն իր կամքով է հրաժարական տվել, ոչ թե նախագահի թելադրմամբ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG