Մատչելիության հղումներ

Հայաստանը Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության` այսօր հրապարակած տարեկան զեկույցում կրկին բնորոշվել է որպես «մասամբ ազատ երկիր»:

«Մեր գնահատմամբ` Հայաստանը շարունակում է շատ ցածր ցուցանիշներ ունենալ եւ տարվա ընթացքում չի արձանագրել որեւէ նշանակալի բարեփոխում կամ առաջխաղացում», - ասել է Freedom House-ի ուսումնասիրությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը:

Freedom in the world («Ազատությունն աշխարհում») ամենամյա զեկույցում Հայաստանը 2002 թվականից ի վեր մասամբ ազատ երկրների թվում է:

Ըստ Freedom House-ի, այս տարի այդպիսի երկրների թիվը 60-ն է` նախորդ տարվա 58-ի փոխարեն: Մասամբ ազատ են այն երկրները, որտեղ «կա կոռուպցիա, իրավական համակարգն ու օրենքի իշխանությունը թույլ են, կան էթնիկ եւ կրոնական հակամարտություններ եւ առկա է այնպիսի քաղաքական միջավայր, որում մեկ կուսակցությունն է իշխում` չնայած բազմակարծության որոշակի մակարդակի»:

Կազմակերպությունը 1972 թվականից ի վեր ուսումնասիրում է աշխարհի շուրջ 200 երկրներ եւ դրանք դասակարգում «ազատ», «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ»` 7 բալանոց համակարգով` գնահատելով քաղաքական իրավունքի դրսեւորումն ու քաղաքացիական ազատությունների պաշտպանվածությունը: Այդ սանդղակում մեկ միավորը ամենալավ ցուցանիշն է, իսկ 7-ը` ամենավատը:

Այս տարվա զեկույցում, ինչպես եւ նախորդ տարի, Հայաստանում քաղաքական իրավունքի դրսեւորումն ու պաշտպանությունը գնահատվել է 6 միավոր, իսկ քաղաքացիական ազատությունների պաշտպանվածությունը` 4 միավոր:

Զեկույցի համաձայն, արդեն հինգերորդ տարին անընդմեջ աշխարհում ժողովրդավարությունը նահանջ է ապրում, ինչը «ամենաշարունակական անկումն է՝ հետազոտության իրականացման 40-ամյա պատմության մեջ»։

Ընդհանուր առմամբ 25 երկիր նշանակալի նահանջ է գրանցել,
այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Իրանը, Ուկրաինան: Ցուցանիշները բարելավել են ընդամենը 11 երկիր, այդ թվում` Ղրղըզստանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւան երկրներին` Վրաստանին եւ Ադրբեջանին, ապա այս երկրները եւս պահպանել են իրենց կարգավիճակները. Ադրբեջանը կրկին «ոչ ազատ» երկիր է, Վրաստանը` «մասամբ ազատ»:

«Վրաստանը որոշ բարեփոխումներ իրականացրել, սակայն դրա հետ մեկտեղ մեր դիտարկած որոշ ոլորտներ զգալիորեն տուժել են 2008 թվականի ներքին քաղաքական խռովությունների եւ ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում», - ասել է Քրիս Ուոքերը:

Ադրբեջանում քաղաքական իրավունքների պաշտպանությունը գնահատվել է 6 միավոր, քաղաքացիական ազատությունների վիճակը` 5:

«Ադրբեջանում քաղաքական իրավունքների ոլորտում անկում է նկատվում` խորհրդարանական ընտրությունների պատճառով, որոնք ընդդիմության համար ոչ մի նշանակալի հնարավորություն չթողեցին մրցակցելու ողջ ընտրական գործընթացում», - նշել է Ուոքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG