Մատչելիության հղումներ

Հունվարի 13-ին շատ ժողովուրդներ, այդ թվում հայերը, ռուսներ եւ այլք նշում են հին Նոր տարին, որը նախկին` հուլյան օրացույցով համընկնում է հունվարի 1-ի հետ:

Շատ հայ ընտանիքներում հին Նոր տարին ընկալվում է որպես Ամանորյա տոների ավարտ:

Իսկ այս օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության օրը: Այս տոնը շարժական չէ, եւ բոլոր քրիստոնյա եկեղեցիները նույն օրն են նշում:

Ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը խորհուրդ է տալիս չշփոթել պաշտոնական, կրոնական, ծիսական եւ ժողովրդական տոմարները, որոնք նրա համոզմամբ` միախառնվել են ժողովրդի գիտակցության մեջ եւ խառնաշփոթ ստեղծել:

Նրա խոսքով` հունվարի 1-ին Նոր տարին համեմատաբար նոր տոնակատարություն է հայերի համար, այդ պատճառով էլ շատ փոխառություններ կան այլ ժողովուրդների սովորույթներից:

«Բնականաբար, հույների ազդեցությունն է, կամ գուցե ավելի ուշ` ռուսների, որ հիմա [խոզի] բուդ են դնում սեղանին, ֆրանսիացիների ազդեցությունն է, որ հնդկահավ են դնում սեղանին: Ամենայն հավանականությամբ, Սուրբ ծննդյան ծեսից Նոր տարուն է անցել պասուց տոլման: Մսեղեն առհասարակ չպետք է լիներ այդ շրջանում, որովհետեւ ըստ եկեղեցական ծիսական կարգի, պահք է եղել այդ ժամանակ», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետը:

Սիմոնյանը հիշեցնում է, որ նախկինում մի հետաքրքիր ժողովրդական հավատալիք է եղել` կապված հունվարյան առաջին 12 օրերի հետ. հունվարի 1-ից սկսած յուրաքանչյուր օրը խորհրդանշել է տարվա յուրաքանչյուր ամիսը, եւ կախված այդ օրվա եղանակից, մարդիկ հավատացել են, որ այդպիսին կլինի նաեւ այդ ամսվա եղանակը:

«Սա զուտ ժողովրդական պատկերացում է, երբ ավարտվում է այդ փորձնական 12 օրվա շրջանը, նորից նոր տարի է սկսվում», - ասաց Սիմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG