Մատչելիության հղումներ

logo-print
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Տավուշի մարզի N զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանին այսօր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով. «սպանության փորձ», որն «իրականացվել է կյանքի համար վտանգավոր եղանակով, խուլիգանական դրդումներով», «երկու կամ ավելի անձանց ազատությունից ապօրինի զրկելը զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով», որն «անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետեւանքներ», եւ «խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»:

Մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով:

Սերգեյ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նախկին հրամանատարը, հիշեցնենք ձերբակալվել էր հունվարի 10-ին՝ զորամասում դեկտեմբերի 31-ին իր եւ մի քանի երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Միջադեպի հետեւանքով վնասվածքներ ստացած երիտասարդներից մեկը՝ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը, օրերս մահացավ Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը իր ներկայացրած գերատեսչության անունից նաեւ խորին ցավակցություններ հայտնեց Տարոն Ենգիբարյանի հարազատներին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հունվարի 10 –ի հրամանագրով Սերգեյ Կարապետյանն ու զորամասի հրամանատարական կազմի եւս երկու սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG