Մատչելիության հղումներ

Երեւանի Սուրբ Կաթողիկե Աստվածածին եկեղեցում հինգշաբթի օրը հոգեհանգստի արարողություն անցկացվեց ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի, որից հետո զոհերի հարազատները այցելեցին Եվրախորհրդի ներկայացուցչություն ու նամակ-դիմում հանձնեցին` հանդիպում պահանջելով Հայաստան ժամանող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ:

«Չնայած ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողները խոստացան մեզ, որ կբացահայտնվի մեր երեխաների սպանությունը, սակայն ահա արդեն անցել է մոտ երեք տարի, սակայն ոչինչ էլ չարվեց», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց մարտյան իրադարաձությունների հետեւանքով սպանված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

«Մենք նորից բողոք ենք ներկայացնում Համարբերգին, որ չի կատարվել 4 բանաձեւերից ոչ մեկը: Ամսի 18-ին, 19-ին, 20-ին այստեղ է լինելու Համարբերգը, տեսնենք` մեզ կընդունի, թե չէ: Ընդունելու դեպքում մենք մեր պահանջները կներկայացնենք, բայց որեւէ ակնկալիք չունենք, որովհետեւ այս իշխանությունները Համարբերգին խոստանալու են, որ ամեն ինչ կանեն, «փափուկ բարձ կդնեն գլխի տակ» եւ նա կգնա, նրանից հետո ոչինչ չեն անելու», - կարծիք հայտնեց Գոռ Քլոյանի հայրը:

Հայտնի է, որ Թոմաս Համարբերգի այցը Հայաստան նախատեսվում է հունվարի 18-ից 21-ը: Վերջին անգամ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը Երեւանում էր 2009թ. նոյեմբերին:

2008թ. մարտի 1-ին սպանվածներից` Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե իր կարծիքով Եվրոպայից եկող պաշտոնյաներից միայն Համարբերգն էր, որ ավելի շատ հետամուտ եղավ մարտի 1-ի դատավարությունների ընթացքին:

«Կարծում եմ, որ մեզ կընդունի, կլսի: Եթե հույս չունենայի, դիմում չէի գրի», - ասաց Ալլա Հովհաննիսյանը:

«Համարբերգը եվրոպական այն պաշտոնյաներից է, որոնց այցերի ընթացքում եւ հետո մարտի 1-ի գործերով որոշակի փոփոխություններ եղել են»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գագիկ Ջհանգիրյանը` միաժամանակ ավելացնելով, թե մինչ օրս Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի կոծկեն կատարված սպանությունների հանգամանքները:

«Կարծում եմ, որ այս անգամ եւս Համարբերգի այցելությունը որոշակի ազդեցություն կունենա մեր քաղբանտարկյալների թվի կրճատման վրա: Նաեւ վստահ եմ, որ այդ այցելության արդյունքում ներկայացվող զեկույցին հետագայում անդրադարձ կլինի [ԵԽԽՎ-ի] գարնանային նստաշրջանի բանաձեւում», - հավելեց Ջհանգիրյանը:

«Գիտենք, որ Եվրոպայի խորհրդի 1677 բանաձեւը մնացել է չկատարված: Երբ 2009թ.ին 30-ից ավել քաղբանտարկյալի ազատեցին, միջազգային հանրությունը, կարծես, մի քիչ հանգստացել էր` ակնկալելով, որ աստիճանաբար կլուծվեն նաեւ մյուսների խնդիրները: Բայց փորձը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները որեւէ քայլ չեն անում` ելնելով բարի կամքից», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե ինչ ակնկալիքներ ունի Համարբերգի այցից, ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Նրանք որեւէ քայլ անում են միայն ճնշումների տակ, եւ քաղբանտարկյալների հարցը, ըստ էության, վերածել են պատանդների առեւտրի: Թոմաս Համարբերգի այցը, եւ նրանից հետո նաեւ համազեկուցողների այցը կապված է այն հանգամանքի հետ, որ Եվրոպայի խորհուրդը հասկացել է, որ պետք է լուրջ քայլեր գործադրի Հայաստանի իշխանություններից ստանալու համար 1677 բանաձեւի կատարումը», - հավելեց ընդդիմադիր գործիչը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների այցը Երեւան սպասվում է փետրվարի սկզբին:
XS
SM
MD
LG