Մատչելիության հղումներ

logo-print

«Բարգավաճ Հայաստան»-ի համագումարում «արտառոց իրադարձություններ տեղի չեն ունենալու»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջիկա համագումարում «որեւէ արտառոց իրադարձություններ տեղի չեն ունենալու»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի համագումարը նախատեսված է փետրվարի 12-ին` Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ըստ կուսակցության պաշտոնական տեղեկատվության` համագումարի օրակարգում են կուսակցության նախագահի ընտրությունը, քաղխորհրդի ընտրությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ կուսակցության ղեկավար մարմնում, կամ համագումարից
Նաիրա Զոհրաբյան
հետո հնարավո՞ր է արդյոք, որ կուսակցությունը փոխի կամ հետ կանչի կառավարությունում իր նախարարներին», Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես հասկանում եմ այն աժիոտաժը եւ մեծ հետաքրքրությունը, որ տեւական ժամանակ կա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ, եւ կանխելով արդեն իսկ համագումարի հետ կապված ինչ-ինչ ասեկոսեներ, ուզում եմ ասել, որ փետրվարի 12-ին նախատեսված է կուսակցության հերթական` 5-րդ համագումարը, որի ընթացքում որեւէ արտառոց իրադարձություններ, դեպքեր տեղի չեն ունենալու: Կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն, որեւէ այլ փոփոխություններ, հետկանչեր, որեւէ իրադարձություն, որը կարող է քաղաքական հետաքրքրություն առաջացնել սենսացիաների սպասողների շարքում, նախատեսված չէ եւ չի լինելու»:

Կուսակցության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ համագումարի օրակարգում է լինելու նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրի փոփոխությունը:

«Ընդհանրապես, մենք վերջին շրջանում աշխատում ենք կուսակցության ծրագրի արտաքին քաղաքական բլոկի վրա, եւ այո, փետրվարի 12-ին նախատեսված կուսակցության 5-րդ համագումարը կհաստատի կուսակցության ծրագրում որոշակի` ոչ ռադիկալ, բայց որոշակի փոփոխություններ, որոնք բացառապես վերաբերում են արտաքին քաղաքական գերակայությանը, մասնավորապես` Հայաստան - եվրոպական համայնք, Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին եւ Հայաստան - Ռուսաստան հարաբերություններին», - մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը: - «Այդ երկու ուղղություններով կուսակցության ծրագրում մենք որոշակի ավելացումներ, որոշակի փոփոխություններ ենք արել, ինչը նախատեսում է առավել սերտ համագործակցություն Եվրոպական միության հետ` հաշվի առնելով նաեւ կարեւոր հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը` EPP-ին` առաջիկայում EPP-ին անդամակցելու ակնկալիքով, եւ, բնականաբար, որոշակի շտկումներ այդ ուղղությամբ եւս կարվեն: Եվ որոշակիորեն ավելի կբացվի Հայաստան - Ռուսաստան հարաբերություններին վերաբերող հատվածը արտաքին քաղաքական մեր ծրագրային գերակայության դրույթներում»:

«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի խորհրդականի` չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Համագումարին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր անդամների դատին կներկայացնի ծրագրային փոփոխություններ եւ հավելումներ, որոնք ավելի հստակ են դարձնում կուսակցության դիրքորոշումը եվրոպական ինտեգրման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ տիրույթը: Տնտեսական, կրթական, մշակութային եւ սոցիալական հարաբերությունների բոլոր ոլորտներում ծրագիրը նախատեսում է եվրոպական չափանիշների եւ կանոնների ներդրման անհրաժեշտությունը, իսկ անվտանգության, ռազմական եւ առեւտրային համագործակցության հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG