Մատչելիության հղումներ

logo-print
Տաջիկստանը իր տարածքի հազար քառակուսի կիլոմետրը հանձնել է Չինաստանին։ Այս մասին հաղորդում է «Ասիա պլյուս» լրատվական գործակալությունը:

Հունվարի 12-ին երկրի խորհրդարանում բուռն քննարկումներ են ծավալվել Տաջիկստանի եւ Չինաստանի միջեւ սահմանը որոշող (դեմարկացիայի) արձանագրությունը վավերացնելու շուրջ։

Արձանագրությունը օրենսդիրներին է ներկայացրել Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Համրոխոն Զարիֆին: Նա նշել է, որ արձանագրության վավերացումը քաղաքական կարեւոր իրադարձություն է եւ կնպաստի «հզոր հարեւանի» հետ Տաջիկստանի հարաբերությունների հետագա զարգացմանը։

Ներկայացնելով հարցի նախապատմությունը` նա ասել է, որ ցարական Ռուսաստանի, հետո` ԽՍՀՄ-ի, ապա` անկախ Տաջիկստանի ու Չինաստանի միջեւ տարածքային վեճը սկսվել է դեռ 19-րդ դարի երկրորդ կեսից։

«Վիճարկելի տարածքները ընդգրկում էին 28.5 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է մեր երկրի մոտավորապես 20 տոկոսը։ Ստորագրված արձանագրությամբ այդ վիճարկելի տարածքներից Չինաստանին է անցնում շուրջ 3 տոկոսը` մոտավորապես հազար քառակուսի կիլոմետր տարածք, եւ ես գտնում եմ, որ այս արձանագրության ստորագրումը Տաջիկստանի դիվանագիտության մեծ հաղթանակն է», - հայտարարել է Համրոխոն Զարիֆին։

Մինչդեռ Տաջիկստանի ընդդիմադիր Իսլամական վերածննդի կուսակցության առաջնորդ Մուխիդին Կաբիրին բոլորովին համաձայն չէր, որ դա մեծ հաղթանակ է։ Նա հայտարարել է, որ այդ արձանագրության վավերացումը հակասում է երկրի Սահմանադրությանը, ուր ամրագրված է, որ պետության տարածքը ամբողջական է ու անբաժան։ «Այս արձանագրությունը վավերացնելուց հետո հազար քառակուսի կիլոմետրը կանցնի Չինաստանի տնօրինությանը, եւ դա Տաջիկստանի դիվանագիտության պարտությունն է», - հայտարարել է նա:

Տաջիկստանի կոմունիստների առաջնորդ Շոդի Շաբդոլոեւը իր ելույթում ասել է, թե Տաջիկստանի կառավարության հիմնական սխալն այն էր, որ արձանագրության ստորագրումը թափանցիկ գործընթացով տեղի չի ունեցել։ «Ոչ մեկը բավարար տեղեկատվություն չուներ, հասարակության մեջ լուրեր էին շրջանառվում, թե Տաջիկստանից հսկայական տարածքներ են անցնում Չինաստանին։ Բայց այսօրվա իր ելույթում Համրոխոն Զարիֆին շատ հարցերի պատասխան տվեց», - ասել է կոմունիստ պատգամավորը` նշելով, որ արձանագրության վավերացումը վերջ կդնի Չինաստանի հետ 130 տարվա վիճաբանությանը։

«Այդ վիճաբանությունը մենք չպետք է թողնենք մեր սերունդներին, եւ ես կոչ եմ անում վավերացնել արձանագրությունը», - հայտարարել է Շաբդոլոեւը։

Նրա ելութից հետո էլ Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ վավերացրել է արձանագրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG