Մատչելիության հղումներ

Հունվարի 13-ի մամուլ


«Կապիտալ»-ի հետ զրույցում վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը ասում է. - «Լավագույն նվերներից մեկը, որ ստացավ հայ հասարակությունը Ամանորի նախօրեին, նախարարներին փոխելու նախագահի որոշումն էր։ Կատարվածի արդյունքը, իհարկե, անմիջապես տեսանելի չի լինի, սակայն նախագահի կատարած փոփոխությունները հույս ներշնչեցին եւ բարձրացրին հասարակության սպասումները։ Կարեւոր է նկատել նաեւ, որ Երեւանի քաղաքապետի հրաժարականն ուղերձ էր առ այն, որ որոշակի վարքն այլեւս անընդունելի է։ Այս ամենը, իհարկե, բավարար չէ, եւ արդյունքի հասնելու համար պետք է արվի ավելին, սակայն այս քայլերը Հայաստանի կառավարությանն օգնում են առաջ շարժվել։ Այս ամենի դրական ազդեցությունը եղավ նաեւ այն, որ Հայաստանի օլիգարխները հասկացան, որ իրենց ժամանակը մոտենում է ավարտին։ Փոփոխությունները վերաբերում են նաեւ այս տարվա հավանական արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կարծում եմ՝ կառավարությունը փոխվում է, քանի որ ստիպված է փոխվել։ Այն համակարգը, որը կար առ այս պահը, այլեւս չի կարող գոյատեւել»։

Նույն հարցի վերաբերյալ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. -«Եվ այսպես, ո՞րն է [առաջիկա ընտրությունների] հիմնական «սյուժետային» գիծը… եւ ովքեր պիտի կատարեն համապատասխան դերերը: «Դրական հերոսը», հասկանալի է, ՀՀԿ-ն է (կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան եւ կադրային անկապ փոփոխությունները հենց այդ դրական կերպարը ձեւավորելու նպատակով են արվում): Ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարը նույնպես հայտնի է` Հայ Ազգային կոնգրեսն է: Իսկ ահա ընդդիմադիր ամպլուայի մյուս դերակատարների հարցում առայժմ անորոշություն է: Կոպիտ ասած` քաստինգը շարունակվում է: Այստեղ լուրջ շանսեր ունեն դաշնակցականները, «Ժառանգություն»-ը, Տիգրան Կարապետիչը, Կոնգրեսից նեղացածները եւ այլն: Ընդ որում, ասվածը բացարձակապես չի նշանակում, թե նշված ուժերը կեղծ ընդդիմություն են: Խոսքը ընդամենը այն մասին է, որ նրանց այդ գործելաոճը լիովին տեղավորվում է իշխանությունների նախանշած սցենարում, եւ իշխանությունները շատ լավ օգտագործում են դա` առանց տեղյակ պահելու վերջիններիս»:

Թեման ավելի է մանրամասում «Ժամանակ»-ը. - «Գրեթե միարժեք է, որ ԲՀԿ-ն փետրվարի 14-ի համագումարով որոշակի ազդակներ է հաղորդելու հանրությանն ու քաղաքական դաշտին, այդ թվում` իր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ին, թե ինչպիսի վարքագիծ է ինքն ունենալու նախընտրական ժամանակաշրջանում, թե ինչպիսի ԲՀԿ հետ են գործ ունենալու: Այժմ ԲՀԿ-ն դեռ քիչ թե շատ գործոն է քաղաքական դաշտում: Կա հանրության որոշակի հատված, որ ԲՀԿ ընտրազանգվածն է: Դրան է գումարվում նաեւ ԲՀԿ տնօրինած տնտեսական կապիտալը, եւ ստացվում է մի ուժ, որին իշխանությունն այժմ չի կարող հաշվի չառնել: Դա ԲՀԿ համար հնարավորություն է, որպեսզի խորհրդարանի ընտրությանը կարողանա որոշակիորեն ամուր դիրքերից խոսել ՀՀԿ հետ: Խորհրդարանի ընտրությունից առաջ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարությունը չեզոքացնելու է այդ ուժը: Խորհրդարանի ընտրությունից առաջ սատարելով Սերժ Սարգսյանին, այսինքն` հայտարարելով դրա մասին, Գագիկ Ծառուկյանը իրեն զրկելու է ունեցած հանրային որոշակի աջակցությունից, քանի որ վկայելու է, որ իրականում ԲՀԿ-ն ՀՀԿ կցորդն է»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ հարցազրույցում «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հարցնում է. - «Սպասվում էր, որ մինչեւ Եվրախորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի այցը քաղբանտարկյալների հիմնական մասն ազատ կարձակվի, այդ գործընթացը սկսվեց անցյալ տարեվերջին, բայց հիմա կարծես կանգ է առել, ի՞նչ է սա նշանակում, այսինքն, վե՞րջ, թե՞ կշարունակվի»: Գրիգորյանը պատասխանում է. - «Ես ենթադրում եմ, որ գործընթացը շարունակվելու է: Գործընթացը դանդաղելու հետ կապված իմ բացատրությունն այն է, որ իշխանությունները միանգամից չեն ուզում բոլորին ազատ արձակել, որ ամեն մի քաղբանտարկյալի ազատ արձակումը որպես զիջում եւ առաջընթաց կարողանան ներկայացնել: Սա համապատասխանում է քաղբանտարկյալների խնդիրը` որպես պատանդների առեւտուր դիտելու նրանց ձեռագրին: Նաեւ թերեւս հաշվարկել են, որ եթե այցելությունից շատ առաջ բաց թողնեին այդ քաղբանտարկյալներին, դրա էֆեկտը կարող էր կորչել, հետեւաբար մաքսիմալ էֆեկտ ապահովելու համար քաղբանտարկյալներին ազատ կարձակեն Համարբերգի այցելությանը մոտ օրերին… Ենթադրում եմ, որ Փաշինյանի եւ Միքայելյանի դեպքում դիմադրությունը լինելու է չափազանց համառ, բայց չեմ կարծում, որ իշխանություններն այնքան կարճատես լինեն եւ իրենց դնեն այն վիճակի մեջ, որ ԵԽ-ում ավելի խիստ պատժամիջոցների սպառնալիք ստեղծեն Հայաստանի նկատմամբ, իրենց նկատմամբ»:

«Առավոտ»-ը գրում է. - «Հայաստանյան, կարծում եմ նաեւ` ռուսաստանյան որոշակի հասարակական շրջանակներում արմատավորված տեսակետ կա, թե Հայաստանը առանց Ռուսաստանի մեկ վայրկյան անգամ չի կարող գոյատեւել»: Սրա վերաբերյալ թերթի լրագրողը զրուցել է «Միացում» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: Վերջինս ասում է. - «Նման մոտեցումը հայերիս համար պետք է մերժելի լինի: Այլ խնդիր է, որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքից, աշխարհագրական իրողություններից եւ տվյալ պահի իր հզորություններից ելնելով պետք է դաշնակիցներ գտնի: Եվ ոչ մի սխալ չկա, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է փոխադարձաբար դաշնակցեն: Բայց որքան Հայաստանը ունի Ռուսաստանի դաշնակցության կարիքը, այնքան էլ այս աշխարհամասում Ռուսաստանը ունի Հայաստանի դաշնակցության կարիքը: Այլ խնդիր է, որ Ռուսաստանը այժմ Հայաստանի հետ չի վարվում հավուր պատշաճի` որպես փոքր դաշնակցի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG