Մատչելիության հղումներ

Անկարգություններ Թունիսում, կան զոհեր


Թունիսի անվտանգության ծառայությունները արցունքաբեր գազ են օգտագործել՝ փորձելով ցրել այսօր մայրաքաղաք Թունիսում հավաքված հարյուրավոր ցուցարարներին։

Զոհերի եւ ձերբակալությունների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում։

Միաժամանակ, Թունիսի հարավային շրջաններում ոստիկանները կրակ են բացել՝ սպանելով երկու ցուցարարի։

Այսօր ավելի վաղ նախագահ Զին ալ-Աբիդինը պաշտոնից հեռացրել է երկրի ներքին գործերի նախարարին, մինչ երկրի տարածքում շարունակվում են անկարգություններով ուղեկցվող ցույցերը։

Բողոքի ակցիաները սկսվել էին շուրջ մեկ ամիս առաջ՝ երկրի հարավային շրջաններում, սակայն երեկ առաջին անգամ ցուցարարները հավաքվեցին նաեւ երկրի մայրաքաղաքում։

Ցուցարարները դժգոհում են աշխատատեղերի բացակայությունից եւ կոռուպցիայից՝ դրանում մեղադրելով ալ-Աբիդինին, ով Թունիսը կառավարում է արդեն 23 տարի։

Պաշտոնական տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից հրազենի կիրառման արդյունքում 23 մարդ է զոհվել։

Արհմիությունները, սակայն, պնդում են, որ զոհերի թիվը առնվազն 50 է։ Լրատվամիջոցների հետ զույցներում նույնն են պնդում նաեւ իրադարձությունների ականատեսները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG