Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահի օդանավի կործանման պատճառը «մարդկային գործոնն է» եղել


Միջազգային ավիացիոն կոմիտեի՝այսօր հրապարակած ամփոփիչ զեկույցը նշում է, որ նախորդ տարվա ապրիլին Սմոլենսկի մոտակայքում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինցկու օդանավի կործանման պատճառը մարդկային գործոնն է եղել:

«Թռիչքի ընթացքում ինքնաթիռը մի քանի անգամ տեղեկություն է ստացել, որ Սմոլենսկ-Սեվերնի օդանավակայանում վայրէջք կատարելը անհնար է՝ եղանակային վատ պայմանների պատճառով: Չնայած դրան` ինքնաթիռի անձնակազմը պահեստային օդանավակայան գնալու որոշում չի կայացրել», - Մոսկվայում այսօր հայտարարել է Միջազգային ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչ Տատյանա Անոդինան:

Նրա գնահատմամբ՝ օդաչուի հենց այդ որոշումն է դարձել հետագա դժբախտությունների շղթայի հիմնական պատճառը:

Այսպես կոչված «սեւ արկղերի» մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում տեխնիկական հանձնաժողովը եկել է եզրահանգման՝ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությունն ինքնաթիռում «հոգեբանորեն ճնշել է օդանավի հրամանատարին»:

Ի դեպ, Կաչինսկու արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել:

Օդաչուն գիտակցել է՝ վայէջքը եղանակային այդ պայմաններում անվտանգ չէ, բայցեւ չի շեղվել հիմնական նպատակակետից` վախենալով հիմնական ուղեւորի՝ Լեհաստանի նախագահի բացասական արձագանքից:

Այդուհանդերձ, նախագահի կողմից հնչած կոնկրետ ցուցում՝ ամեն գնով գնալ վայրէջքի հիմնական օդանավակայանում, Միջազգային ավիացիոն կոմիտեի փորձագետները չեն արձանագրել: Բայց օդաչուների խոսակցության ժամանակ լսելի է նրանցից մեկի խոսքը` «Նա կփրփրի»:

«Կրկնակի վայրէջքի փորձ թերեւս չեն ձեռնարկել ինքնաթիռում գտնվող մեծ թվով հեղինակավոր ու հայտնի անձանց առկայության պատճառով», - եզրակացրել են փորձագետները:

Ավելի վաղ օդանավի թռիչքին հետեւող ավիադիսպետչեր Անատոլի Մուրավյովը «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին տված հարցազրույցում նույնպես ասել է, թե օդանավի անձնակազմը վայրէջքի է գնացել առանց թույլտվության, չի լսել այլ օդանավակայանում վայրէջք կատարելու առաջարկները։

«Տու-154» օդանավը կործանվել է անցած տարվա ապրիլի 10-ին՝ Սմոլենսկի օդանավակայանում` թանձր մառախուղի պայմաններում վայրէջքի փորձ կատարելիս։ Աղետի հետեւանքով զոհվեցին 96 հոգի, նրանց թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ նրա կինը։

Լեհաստանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնում էր Կատին՝ հարգանքի տուրք մատուցելու ստալինյան ժամանակաշրջանում խորհրդային զորքերի կողմից գնդակահարված հազարավոր լեհ ռազմագերիների հիշատակին։

Ավիավթարի կործանման պատճառներն ուսումննասիրած կոմիտեի ղեկավարն այսօր հայտարարել է, որ պատրաստ են իրենց ամփոփիչ զեկույցը տրամադրել նաեւ միջազգային փորձագետներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG