Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին տրամադրվող 25 միլիոն դոլարի բյուջետային վարկը


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապի

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապի

Համաշխարհային բանկն այս գիշեր հաստատել է Հայաստանին տրամադրվող 25 միլիոն դոլարի բյուջետային վարկը` «Զարգացման քաղաքականության 2-րդ գործառնությունը»:

Գումարը հատկացվելու է պետբյուջեի սոցիալապես անապահով խավին ուղղված ծախսերին, սոցիալական ապահովության ցանցի հզորացման ծրագրերին, աղքատ համայնքներում նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացմանը:

«Հայաստանը շարունակում է օգտվել արտոնյալ վարկավորումից: ՀԲ-ն նախատեսում է այս տարի տրամադրել նաեւ երրորդ բյուջետային վարկը, որի ընդհանուր գումարը կհաստատվի կառավարության հետ վերջնական քննարկումներից հետո», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ժան-Միշել Հապին:

«Դրա ծավալը կախված կլինի ֆինանսավորման կարիքներից, հաշվի կառնվի նաեւ կառավարության ցանկությունը` օգտագործել այդ միջոցները ներդրումային ծրագրերի համար: Մենք աշխատում ենք նախնական որոշ ենթադրությունների հիման վրա, որոնք կարող ենք փոխվել, սակայն այս պահին խոսքը 20 միլիոն դոլարի մասին է», - նշեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը:

Բյուջետային առաջին վարկը` 60 միլիոն դոլարը, Հայաստանը ստացել էր ճգնաժամի ամենածանր ժամանակահատվածում` 2009-ի հուլիսին եւ անմիջապես ծախսել:

Բացի այս, 6 ամիս անց կառավարության հետ կանցկացվեն խորհրդակցություններ` վերանայելու Հայաստանի համար Համաշխարհային բանկի առաջիկա 2 տարիների ծրագիրը: Այսօրվա դրությամբ, վարկային պորտֆելը ներառում է 18 ծրագիր: 1992 թվականից ի վեր Համաշխարհային բանկը Հայաստանում իրականացրել է 1 միլիարդ 433 միլիոն դոլարի աշխատանք:

Ըստ Ժան-Միշել Հապիի, թեեւ հակաճգնաժամային քաղաքականությունը պարտադրեց ավելացնել բյուջեի պակասորդը` 2011-ի այն կազմելու է 149 միլիարդ դրամ (ՀՆԱ-ի 8 տոկոսը), սակայն Հայաստանի կառավարությունը իրականացնում է հարկաբյուջետային եւ պարտքի համախմբման խիստ քաղաքականություն, որը թույլ կտա բյուջեի պակասորդը ներկա 8 տոկոսից 2012-ի վերջին հասցնել նախաճգնաժամային 3 տոկոսի մակարդակին:

Ասուլիսում Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը նաեւ Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումներ արեց։

Ըստ նրա, թեեւ Հայաստանի տնտեսությունը դեռեւս «շատ փխրուն եւ խոցելի» կողմեր ունի, սակայն կնկատվի համեստ աճ՝ 2011-ի տարեվերջին հասնելով 4-5 տոկոսի։

Անդրադառնալով 2010 թվականի ընթացքում արձանագրված 9.4 տոկոս գնաճին՝ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ Պարենի համաշխարհային կազմակերպության գնահատականներով, Հայաստանը աշխարհում սննդամթերքի գների ամենաբարձր աճը արձանագրած 10 երկրների թվում է, ինչը ցույց է տալիս, թե որքան արագ են համաշխարհային շուկայի ցնցումները ազդում նման փոքր տնտեսության վրա։

«Հիմա, օրինակ, կանխատեսվում է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում ցորենի գների նոր աճ է տեղի ունենալու։ Այդուհանդերձ, մենք հուսով ենք, որ 2011 թվականի ընթացքում գնաճը Հայաստանում չի գերազանցի 4-5 տոկոսի սահմանը», - եզրափակեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ժան-Միշել Հապին։
XS
SM
MD
LG