Մատչելիության հղումներ

Քվեարկությունը կեղծելու մեղադրանք է առաջադրվել հանրապետական թեկնածուի եղբորը


Արագածոտնի մարզի Ճարճակիս համայնքի ղեկավարի դեկտեմբերի 26-ի ընտրություններում պարտված թեկնածուի` իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Քյարիմ Խուդոյանի եղբորն ու երկու համախոհներին քվեարկությունը կեղծելու մեղադրանք է առաջադրվել:

Ներկայումս գյուղում մթնոլորտը բավականին լարված է, համայնքապետի ընտրություններից հետո ոստիկանները հսկում են գյուղը: Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին Ճարճակիսում ոստիկանական մեքենաներ էին շրջում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում գյուղի տարեցներն ասում էին, թե իրավապահները կարգ ու կանոն են պահպանում, որպեսզի ընտրություններում պարտված ու հաղթած թեկնածուների միջեւ բախումներ չլինեն:

Գյուղում լարվածության հաջորդ պատճառը վերջին օրերի ձերբակալություններն են: Երեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ համայնքապետի ընտրություններում հաղթած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Թալաբանի Սադեյանի երկու հանրապետական մրցակիցներից մեկի՝ Ճարճակիսի նախկին գյուղապետ Քյարիմ Խուդոյանի եղբայրն ու համախոհներից մեկը կալանավորված են:

Նրանց ընտրությունների արդյունքները կեղծելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 150 հոդվածի եւ 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Երրորդ կասկածյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան միայն իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք է առաջադրվել:

Քյարիմ Խուդոյանը Թալաբանի Սադեյանին պարտվել է ընդամենը 8 ձայնի տարբերությամբ:

Ըստ Հատուկ քննչական ծառայության` քվեարկության ավարտից հետո ժամը 21:00-ի սահմաններում, երբ ընտրական հանձնաժողովի անդամներն ամփոփել են ընտրության արդյունքները, կազմել արձանագրությունն ու քվեաթերթիկները կնքել, դրել են քվեատուփի մեջ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխելու համար, Քյարիմ Խուդոյանի եղբայրն ու համախոհները, չհամաձայնելով ընտրության արդյունքներին, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելով մտել են թիվ 14/1 ընտրական տեղամաս եւ հափշտակել քվեատուփը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց թիվ 14 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Հարություն Օհանյանը, այդ խառնաշփոթի ընթացքում քվեատուփը անհետացել է եւ հայտնի չէ, թե որտեղ է այն:

«Պարկը տեղադրված է եղել ընտրական արկղի մեջ, եւ այդ ժամանակ ձայներ են լսվել դրսում, մոտավորապես 50 կանայք աղմուկով լցվում են ներս, վերցնում են ու դուրս են գալիս, իհարկե, ըստ երեւույթին` տեղյակ չլինելով, որ ընտրական փաստաթղթերը ամբողջը չէ, որ գտնվում են այդ պարկի մեջ», - ասաց Օհանյանը:

Սակայն Քյարիմ Խուդոյանի թիմակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում պնդում էին, թե իրենք քվեատուփը չեն տարել եւ տեղյակ չեն, թե ուր է այն անհետացել, իսկ տեղամաս մտել են, որովհետեւ զայրացած են եղել ընտրախախտումների պատճառով: Ըստ նրանց` ընտրությունների ե'ւ ընթացքում, ե'ւ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել: Նրանք ասում էին, թե Թալաբանի Սադեյանի օգտին անվավեր քվեաթերթիկներ են հաշվարկվել, ինչի հաշվին էլ նա առավելության է հասել գործող գյուղապետի նկատմամբ:

Քյարիմ Խուդոյանի կինը պատմում է հետեւյալը. - «Արդար չի եղել, մեջը անվավերներ շատ կային: Ու հանձնաժողովը այդ անվավերները հաշվել է: Դե մենք որ իմացանք չի անցել, մտանք կանանցով, տղամարդիկ այնտեղ չէին, որ նորից հաշվել տայինք, ասեցինք, հանեք էդ թղթերը, նորից հաշվենք: Դե մեզ բրթելով միլիցեքը դուրս հանեցին, էլ չգիտեմ ինչ եղավ, էդ թղթերը ուր գնացին, ինչ եղան, տեղյակ էլ չենք»:

Քյարիմ Խուդոյանի աջակիցներից մեկն էլ պատմում էր, թե ցանկացել է քվեարկել իր անգրագետ կնոջ փոխարեն, սակայն իրեն թույլ չեն տվել. - «Բայց իրենց մոտ, ով որ ուրիշ կողմից էր [Թալաբանի Սադեյանի], միլիցեքները իրենց տեղը ընտրում էին, նույնիսկ չէին էլ հարցնում` ում եք ուզում [ընտրել]»:

Ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Հարություն Օհանյանը, սակայն «սուտ որակեց» ոստիկանների քվեարկելու մասին պնդումները: Նա հայտարարեց, որ քվեարկության ընթացքում որեւէ ահազանգ չեն ստացել, այն անցել է խաղաղ մթնոլորտում, ընտրատեղամասում չհաղթած թեկնածուների ներկայացուցիչները որեւէ դեպք չեն արձանագրել արձանագրությունների մատյանում:

Նա նաեւ ասաց, որ քվեաթերթիկների բացակայության պայմաններում դրանց վերահաշվարկի գրավոր դիմումներ թեկնածուները Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին չեն ներկայացրել:

Ընտրության արդյունքը անվավեր ճանաչելու հայցով Քյարիմ Խուդոյանը դիմել է դատարան, բայց վարչական դատարանը մերժել է հայցը:
XS
SM
MD
LG