Մատչելիության հղումներ

Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը


Արենի գյուղի մոտակայքի նույն այն քարանձավում, որտեղից բոլորովին վերջերս հայտնաբերվել էր աշխարհի ամենահին` 5,500 տարվա հնություն ունեցող կաշվե կոշիկը, հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման եւ պահպանման համար նախատեսված կավե տարաներ, բաժակներ եւ խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ:

Ուսումնասիրություններն անցկացվել են հայ, ամերիկացի եւ իռլանդացի գիտնականների խմբի կողմից: Հնագիտական միջազգային արշավախմբի ղեկավար եւ հայկական կողմի պատասխանատու Բորիս Գասպարյանի խոսքով, սա աշխարհի ամենահին գինու հնձանն է:

«Հնագիտական տվյալները համալիր կերպով հուշում են, որ այդտեղ հաստատապես գինի են արտադրել 6000 տարի առաջ», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց գիտնականը:

Բորիս Գասպարյանն ասում է, որ հնձանի շրջակա տարածքում հայտնաբերվել են նաեւ դիակների մասունքներ:

«Այդտեղ նպատակը ոչ թե եղել է գինի պատրաստելը եւ պահեստավորելը, այլ պատրաստված գինին ուղղակի թաղման ծեսում օգտագործելը, որովհետեւ դարեր շարունակ միշտ մահացածների հետ գինի են դրել», - նշեց նա:

Հայտնաբերված խաղողի կորիզները այժմ գտնվում են ԴՆԹ հետազոտության փուլում` պարզելու, թե խաղողի ի՞նչ տեսակից է պատրաստվել գինին, արդյո՞ք այդ տեսակները կապված են այսօր այդ տարածաշրջանում աճեցվող ավանդական տեսակների հետ, թե՞ ոչ:

«Կորիզների նախնական դիտարկումը ցույց է տալիս, որ 6000 տարի առաջ արդեն մենք ունենք մշակովի խաղող», - նշեց նա:

Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կարեւորում է այս իրադարձությունը, ասում է, որ սրանից պետք է Հայաստանում կարողանան օգտվել խաղողագործության եւ գինեգործության զարգացման առումով:

«Հայկական գինիները շատ հեշտությամբ կմտնեն միջազգային շուկա: Մենք ունենք խաղաքարտեր, հուսանք` կառավարությունը կկանգնի մեր կողքին», - ասում է գինեգործների միության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG