Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում փոփոխություններ են ակնկալվում


Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Երեւանի քաղաքապետը երեքշաբթի օրը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Էդուարդ Մուշեղյանին։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Համլետ Մարգարյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:

Սարդարյանը չբացառեց, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում եւ Երեւանի վարչական շրջաններում կադրային փոփոխություններ կլինեն:

«Որեւէ կադրային փոփոխություն ինքնանպատակ չէ եւ պայմանավորված է աշխատանքի արդյունավետության անհրաժեշտությամբ: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա չենք բացառում, որովհետեւ ներկայումս մշակվում է քաղաքապետարանի աշխատակազմի նոր կառուցվածքը, որը առաջիկայում կներկայացվի ավագանուն: Այդ կառուցվածքում ենթադրաբար փոփոխություններ կլինեն», - ասաց Սարդարյանը` հավելելով, որ գործընթացը թափանցիկ կլինի եւ դրա վերաբերյալ տեղեկատվությունը ավելի ուշ կներկայացվի:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավարն էր, մոտ 20 օր առաջ է պաշտոնապես ստանձնել իր պարտականությունները: Իր երդմնակալության արարողությունից հետո քաղաքապետարանում լրագրողների հետ կարճ ասուլիսի ընթացքում Կարապետյանը ասաց. - «Կարդային ջարդ, կադրային ցեղասպանություն անելու ցանկություն չկա, բայց լինելու են խաղի կանոններ եւ լինելու են պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր, որ պահանջներին բավարարելու են, մնալու են, ովքեր` չէ, գնալու են»:

Այսօր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացնելով իրենց նոր ղեկավարին` քաղաքապետը ասաց. - «Մենք ակնկալում ենք առօրյա գործառույթների շատ կարգապահ կատարում: Պարզ հայտարարենք, որ մեր գործառույթն է վարչական շրջանի բնակիչների, իրավաբանական անձերի, բոլոր այն սուբյեկտների համար, որ կան այնտեղ, մաքսիմալ կոմֆորտային վիճակ ստեղծել, ծառայել: Վարչական շրջանի անձնակազմը պետք է բաց լինի, որպեսզի հասկանա, թե ինչ պրոբլեմներ կան, բնակիչը ինչի կարիք ունի»:

Արաբկիր վարչական շրջանի թե´ նախկին ղեկավար Համլետ Մարգարյանը եւ թե´ նորանշանակ ղեկավավարը` Էդուարդ Մուշեղյանը իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ են:

XS
SM
MD
LG