Մատչելիության հղումներ

Ասանժի դատը հետաձգվեց մինչեւ փետրվարի 7-ը


Մեծ Բրիտանիա -- WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բելմարշ Մագիստրատուրայի դատարանում հանդես է գալիս հայտարարությամբ, Լոնդոն, 11-ը հունվարի, 2011թ.

Մեծ Բրիտանիա -- WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բելմարշ Մագիստրատուրայի դատարանում հանդես է գալիս հայտարարությամբ, Լոնդոն, 11-ը հունվարի, 2011թ.

Լոնդոնի դատարանը երեքշաբթի օրը քննել է Wikileaks աղմկահարույց կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիա փոխադրելու հարցը։

Ասանժը Շվեդիայում մեղադրվում է երկու կնոջ նկատմամբ անցյալ տարվա ամռանը սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ։

Ասանժին ոստիկանները մեքենայով հասցրել են Վուլվիչի վարչական շրջանի Բելմարշի դատարան։ Ինչպես եւ ենթադրվում էր, նիստը երկար չի տեւել` շրջանային դատավոր Նիքոլաս Էվանսը պարզապես հստակեցրել է ընթացակարգը եւ հայտնել, որ էքստրադիցիայի հարցի ամբողջական քննարկումը տեղի կունենա փետրվարի 7-ին եւ 8-ին։

Երեքշաբթի օրը դատարանը նաեւ որոշել է, թե ինչ փաստաթղթեր պետք է պատրաստեն մեղադրող եւ պաշտպանող կողմերը։ Դատավորը ուժի մեջ է թողել Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու մասին Լոնդոնի դատարանի դեկտեմբերի 16-ի որոշումը։

Այդ ամենի համար ընդամենը 10 րոպե է պահանջվել։ Նիստին ներկա է եղել ավելի քան 100 լրագրող ամբողջ աշխարհից։ Դատարան էին ժամանել ոչ միայն Ասանժի փաստաբանները, այլեւ նրան աջակցող մի խումբ մարդիկ, այդ թվում` «Ռոլինգ Սթոունզ» խմբի երգիչ Միք Ջագերի նախկին կինը` իրավապաշտպան եւ սոցիալական ակտիվիստ Բիանկա Ջագերը, իրավապաշտպան եւ լրագրող Ջեմիմա Խանը։

39-ամյա ավստրալացի Ասանժը կտրականապես հերքում է մեղադրանքը եւ պնդում, որ դատավարության բուն նպատակն է ստվեր գցել կայքի առաքելության վրա։

Լոնդոնի դատարանը Շվեդիայի դատախազի պահանջով անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին կարգադրել է Ասանժին ձերբակալել, ապա 9-ն օր անց` դեկտեմբերի 16-ին, ազատ է արձակել 310 հազար դոլարի գրավի դիմաց, պարտադրելով Ասանժին չլքել Բրիտանիայի տարածքը եւ ամեն օր ժամը 2-ից 5-ը ներկայանալ ոստիկանության տեղական բաժանմունք։

Ասանժը նաեւ պարտավոր է մշտապես ձեռքին կրել էլեկտրոնային հատուկ սարք, որի ռադիոազդանշանը ոստիկաններին թույլ է տալիս հետեւել կասկածյալի տեղաշարժին։ Ինքը` Ասանժը, իր ներկայիս վիճակը կատակով անվանել է «hi-tech տնային կալանք»։

Ջուլիան Ասանժն այսօր գոհունակություն է հայտնել դատարանի որոշման կապակցությամբ եւ հայտարարել, որ չնայած դժվարություններին, կայքը շարունակելու է գաղտնի փաստաթղթերի հրապարակումը:

«Wikileaks-ը պատրաստվում է մեծացնել գաղտնազերծվող նյութերի ծավալը: Գործընկեր-պարբերականները` խոշոր թե փոքր, ինչպես նաեւ իրավապաշտպան որոշ կազմակերություններ առաջիկայում այդ փաստաթղթերը կհրապարակեն ամբողջ աշխարհում»,- ասել է կայքի հիմնադիրը։

Վաշինգտոնում պնդում են, որ Wikileaks-ը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի անվտանգությանը։ Հնչել են Ասանժին Ամերիկայում դատելու կոչեր։

Wikileaks-ը այսօր հրապարակել է հայտարարություն, որով պահանջել է դատական պատասխանատվության կանչել ամերիկացի այն պաշտոնյաներին, ովքեր հրապարակավ հանդես են եկել Ասանժին մահապատժի ենթարկելու պահանջով։

«Օրենքներով առաջնորդվող քաղաքակիրթ ազգը չի կարող հանդուրժել, որ իր հասարակությունը ներկայացնող անվանի անդամները մշտապես կոչ անեն սպանել այլ մարդկանց», - ասվում է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG