Մատչելիության հղումներ

Կարապետ Ռուբինյանը հայ ազատականներին առցանց միավորվելու կոչ է անում


ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյան

ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյան

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հանդես է եկել Առցանց ազատականների ալյանսի կամ 3Ա-ի ստեղծման նախաձեռնությամբ:

Այլանսի նպատակը «համացանցի միջոցով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ազատականներին միավորելն է եւ նրանց համատեղ առցանց գործունեությունը ծառայեցնելը ի շահ երկրի ու ժողովրդի»:

Ռուբինյանն իր այս նախաձեռնության մասին հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Հայտարարությունում նա ասում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը աննախադեպ հնարավորություններ է ստեղծել ընդհանուր գաղափարների շուրջ մարդկանց միավորվելու համար:

«Մեր հայրենիքի աննախանձելի վիճակը, որին բոլորս քաջ տեղյակ ենք, չընտրված իշխանությունների անդադար ոտնձգությունները օրինականության ու մարդկանց հիմնարար ազատությունների հանդեպ, ինչպես նաեւ օրըստօրե բարդացող աշխարհաքաղաքական իրավիճակը ակտուալ են դարձրել մեր ազգի մտավոր ներուժը համախմբելու միջոցով երկրի հետընթացը կասեցնելու եւ հեղափոխական բարեփոխումների միջոցով զարգացման ուղի դուրս գալու խնդիրը», - ասված է երկուշաբթի առավոտյան «Ֆեյսբուք»-ում Ռուբինյանի տարածած հայտարարության մեջ:

Ըստ Ռուբինյանի` ազատականները 3Ա-ում փորձելու են ոչ միայն քաղաքական գործունեության նոր ձեւեր կիրառել, այլեւ հայ հասարակության համար հիմնել ազատականության եւ ժողովրդավարության նոր ավանդույթներ, այն է` գործունեության լիակատար թափանցիկություն, ֆինանսական լիակատար անկախություն, անդամների լիակատար հավասարություն, ներքին կառավարման խորը ժողովրդավարացում ու ղեկավար մարմինների հաճախակի, մրցակցային ընտրություններ:

Նշենք, որ Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ում քաղաքական հայտարարությամբ արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս: Անցյալ տարվա հուլիսին Ռուբինյանը գրեց, թե ընդդիմադիր Հայոց համազգային շարժում կուսակցության (ՀՀՇ) համագումարում կուսակցության վարչության անդամների ընտրության արդյունքները կեղծվել են եւ հայտարարեց ՀՀՇ-ից հեռանալու մասին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG