Մատչելիության հղումներ

Լոնդոնի դատարանը քննում է Ասանժին Շվեդիա փոխադրելու հարցը


Մեծ Բրիտանիա - Ջուլիան Ասանժը ամենօրյա այցն է կատարում ոստիկանատուն, Բեքլզ, Սաֆոլք, դեկտեմբեր, 2010թ.
Մեծ Բրիտանիա - Ջուլիան Ասանժը ամենօրյա այցն է կատարում ոստիկանատուն, Բեքլզ, Սաֆոլք, դեկտեմբեր, 2010թ.
WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանժը երեքշաբթի օրը նորից ներկայացել է Լոնդոնի դատարան, որտեղ քննարկվում է նրան Շվեդիա փոխադրելու հարցը։

Ասանժը մեղադրվում է անցյալ տարվա ամռանը Շվեդիայում երկու կնոջ նկատմամբ սեռական բնույթի հանցանք կատարելու մեջ։ Ավստրալիայի քաղաքացի Ասանժը հերքում է մեղադրանքը եւ պնդում է, որ իրեն պարզապես ցանկանում են վարկաբեկել։

Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ կայքէջի բացահայտումները մեծ վնաս են հասցրել երկրի անվտանգությանը։ WikiLeaks-ը հայթայթել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գաղտնի հեռագրերի եւ այլ գրառումների հսկայական էլեկտրոնային փաթեթ` մոտ 260 հազար փաստաթուղթ։ Բացի այդ, կայքէջը ձեռք է բերել Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներին վերաբերող հազարավոր փաստաթղթեր։ WikiLeaks-ը արդեն հրապարակել է դրանց մի մասը եւ շարունակում է գաղտնազերծումները։

Վաշինգտոնում հնչել են Ասանժին քրեական մեղադրանք ներկայացնելու եւ Միացյալ Նահանգներ փոխադրելու կոչեր։

Շվեդիայից ստացված ձերբակալության միջնորդության հիման վրա բրիտանացիները կալանքի տակ են առել Ասանժին, սակայն անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին գրավի դիմաց ազատ են արձակել։

Այս պահին ավստրալացին ապրում է Սաֆոլքի կոմսությունում` աջակիցների տրամադրած առանձնատանը։ Նրան պարտադրել են ամեն օր ներկայանալ ոստիկանության տեղական բաժանմունք։ Բացի այդ, Ասանժը իր ձեռքին 24 ժամ շարունակ կրում է էլեկտրոնային հատուկ սարք, որը իրավապահներին թույլ է տալիս մշտապես հետեւել նրա տեղաշարժին։

WikiLeaks-ը շարունակում է նոր փաստաթղթեր հրապարակել, սակայն կայքէջի ֆինանսական կացությունը վատթարացել է։ «Տրիբյուն դը Ժընեւ» եւ «24 Ժամ» ֆրանսերեն հրատարակվող թերթերը հայտարարել են, որ կարողացել են հարցազրույց վերցնել Ասանժից, ով ասել է, որ կայքէջը շաբաթական կորցնում է ավելի քան 620 հազար դոլար։ Մի շարք բանկեր խզել են կապերը կայքէջի հետ։

Ասանժը հայտնել է, որ կայքէջը կարող է ապագայում տեղակայվել Շվեյցարիայում կամ իր հայրենիքում` Ավստրալիայում։

Ամերիկացիները շարունակում են Ասանժի նկատմամբ գործ հարուցելու փորձերը, Պետդեպարտամենտի նյութերի գաղտնազերծման հանգամանքները ուսումնասիրող քննիչները դատական կարգով Twitter-ից պահանջում են իրենց տրամադրել Ջուլիան Ասանժին եւ WikiLeaks-ի հետ կապեր ունեցող այլ մարդկանց վերաբերող տեղեկությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG