Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նոր սահմանափակումներ է կիրառում միգրանտների նկատմամբ


Կոշիկի վաճառակետ Մոսկվայում, արխիվային լուսանկար
Կոշիկի վաճառակետ Մոսկվայում, արխիվային լուսանկար
Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանի կառավարությունը նոր սահմանափակումներ է կիրառում միգրանտների նկատմամբ:

Վարչապետ Վլադիմիր Պուտինի ստորագրած որոշմամբ, մասնավորապես, օտարերկրացիներին այլեւս արգելվում է որպես վաճառող աշխատել շուկաներում, կրպակներում ու դեղատներում։ Կառավարության որոշման համաձայն, այսուհետ այդ աշխատատեղերը պետք է զբաղեցնեն Ռուսաստանի քաղաքացիները, միգրանտները, մինչդեռ, լավագույն դեպքում կարող են աշխատել որպես հավաքարար կամ բեռնակիր։

Անցած տարեվերջին ընդունված որոշումներով սահմանափակվել են նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում այլազգիների համար նախատեսված պետական քվոտաները. եթե 2007 թվականին Ռուսաստանի կառավարությունը աշխատանքի թույլտվություն էր տվել շուրջ 6 միլիոն ներգաղթյալի, ապա այս տարի այդ ցուցանիշը հասցվել է մեկուկես միլիոնի։ Ընդ որում, մայրաքաղաք Մոսկվայում միգրատների համար նախատեսված քվոտաները 2010-ի համեմատ կրճատվել են կիսով չափ. ըստ այդմ, այս տարի մեգապոլիսում աշխատանքի թույլտվություն կստանա շուրջ 200 հազար ներգաղթյալ։

«Ես միգրատների դեմ որեւէ բան չունեմ, նրանք պետք են քաղաքին», - անցած տարեվերջին հայտարարել էր Մոսկվայի նորանշանակ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` միաժամանակ ընդգծելով. - «Մենք, սակայն, պետք է ճշգրտենք` ինչպիսի մասնագետների կարիք ունենք եւ տնտեսության որ ճյուղերում են նրանք անհրաժեշտ»։

Տարեսկզբից, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, միգրացիոն ծառայությունը եւս փոխել է ռազմավարությունը` անօրինական միգրանտներին հայտնաբերելու ուղղությամբ: «Այժմ արդեն մենք ստուգումներ ենք անցկացնում ոչ միայն կոնկրետ օբյեկտներում եւ բնակարաններում, այլեւ` փողոցներում, այն վայրերում, որտեղ սովորաբար մարդկանց մեծ կուտակումներ են լինում», - ասել է Մոսկվայի միգրացիոն ծառայության խոսնակ Զալինա Կորնիլովան։

Նոր ռազմավարության օգնությամբ, ըստ պաշտոնյաների, իրավապահները հաջողել են միայն այս տարվա 10 օրերի ընթացքում 200-ից ավելի անօրինական միգրանտների հայտնաբերել Մոսկվայի փողոցներում։

Իշխանությունները պնդում են, թե այսօրինակ սահմանափակումներով փորձում են խթանել սեփական աշխատաշուկան։ Փորձագետները, մինչդեռ, թերահավատորեն են վերաբերվում կառավարության այդ քաղաքականությանը:

«Նմանօրինակ որոշում, օրինակ` շուկաներում միգրանտների թիվը սահմանափակելու վերաբերյալ, ընդունվել էր նաեւ 3 տարի առաջ, սակայն այդպես էլ կյանքի չէր կոչվել», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը մասնավորապես ասել է աշխատանքի տեղավորման խոշորագույն ինտերնետ կայքերից մեկի` SuperJob-ի ղեկավար Ալեքսեյ Զախարովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG