Մատչելիության հղումներ

Հունվարի 11-ի մամուլ


Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներով պայմանավորված «լռության րոպեն» կամ տասնօրյա «զինադադարն» ավարտվեց, եւ այսօրվանից արդեն քաղաքական ուժերը, լրատվամիջոցները ու հասարակությունը կարող են իրենց անհամեմատ ազատ ու անկաշկանդ զգալ. Լիաթոք շնչել ու անել այն, ինչ խելքներին փչի», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը եւ շարունակում. - «Նկատել ե՞ք, թե վերջին երկու տասնամյակներին ինչպես աստիճանաբար իմաստազրկվեցին Նոր տարվա «արարողությունները», ինչպես հունվարի առաջին տասնօրյակը դարձավ «մեռյալ սեզոն»: Եվ դա նույնիսկ արդեն նորմալ է համարվում, քանզի մեզ համար տոնական են տարվա բոլոր օրերը, որի ընթացքում շարունակվող ներքաղաքական զարգացումները, իրար հաջորդող գործընթացները արդեն իսկ «բերնեբերան» խինդով են լցնում մեր կյանքը: Առանց այդ գործընթացների ու զարգացումների, առանց խմորումների ու խարդավանքների մենք ապրել չենք կարող, իսկ ահա գալիս է Նոր տարին, ու մի տեսակ ամեն ինչ կանգ է առնում: Ի՞նչ տոն, եթե քաղգործիչները հայտարարություններով միմյանց չեն հրետակոծում, ի՞նչ հանդիսություն, եթե արմատական ընդդիմությունը միտինգ ու երթ չի անցկացնում, ի՞նչ ուրախություն, եթե կառավարության շենքի դիմաց խմբերով պիկետներ չեն անում»:

«Ի՞նչ ենք արել 2010-ին եւ ի՞նչ ենք պատրաստվում անել 2011-ին», - հարցնում է «Հրապարակ»-ի խմբագիրը եւ շարունակում. - «Արդյո՞ք անցնող տարին մեզ գոնե մի քիչ մերձեցրեց մեր իղձերին ու երազանքներին, թե՞ կրկին տեղում դոփեցինք` բոլոր հույսերը դնելով հաջորդի վրա: Եվ ի՞նչ երաշխիք, որ այս մեկն էլ նախորդին չի նմանվելու` նույնքան անգույն ու լճացած: Կգտնե՞նք արդյոք մեր մեջ ուժ այս տարի աննախադեպ ու երանելի թռիչք ապահովելու համար. ահա տարվա գլխավոր հարցը»:

«Առավոտ»-ը գրում է. - «Նոր տարին հազարավոր թոշակառուների համար սկսվեց տհաճ անակնկալներով: Նախատոնական օրերին նրանք իրենց առանց այն էլ չնչին թոշակները ծախսել էին` հույս ունենալով, որ Ամանորի տոներից անմիջապես հետո կենսաթոշակ են ստանալու: Սակայն վերջին կոպեկը ծախսած թոշակառուները այս տարի ստիպված էին պարտքով յոլա գնալ, քանի որ թոշակների տրամադրման նոր կարգն արդեն քանի օր է իսկական խառնաշփոթ է առաջացրել: Դեռ անցյալ տարի Հայաստանի կառավարությունը որոշեց սոցիալական ապահովության պետական ծառայությունից վերցնել թոշակները բաժանելու պարտականությունը` հանձնելով «Հայփոստ»-ին: Արդյունքում` այսօր կենսաթոշակ ստանալու համար թոշակառուները ստիպված են ժամերով, նույնիսկ օրերով հերթ կանգնել «Հայփոստ»-ի բաժանմունքներում: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի բաժանմունքներում հունվարի 4-ից մինչեւ օրս թոշակառուների հսկայական հերթեր են գոյանում: Նրանք ստիպված էին նույնիսկ առավոտ կանուխ, մինչեւ բաժանմունքի բացվելը, գնալ ու հերթ պահել, որ գոնե երեկոյան կամ էլ մյուս օրը վաղ առավոտյան կարողանան ստանալ իրենց թոշակը»:

«Կապիտալ» թերթում կարդում ենք. - «Երեկ հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանն ընկերության ստորաբաժանումներին հանձնարարել է ամփոփել 2010թ. կատարված աշխատանքները եւ հաշվետվություններ պատրաստել դրանց վերաբերյալ, մասնավորապես` ֆինանսատնտեսական ցուցանիշների, գազաֆիկացման, ազդանշանային սարքավորումների տեղադրման եւ այլ ծրագրերի ուղղությամբ: Հարությունյանն ընդգծել է, որ 2011-ը ընկերության համար առանձնանալու է հատկապես Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտով: Բլոկի թողարկումը նախատեսվում է առաջին եռամսյակում, ինչն արդեն փաստում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մասին»:

«Ժամանակ» թերթում կարդում ենք. - «Ոչ վաղ անցյալում` ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված նիստում, Սերժ Սարգսյանը, խոսելով վատ ավանդույթների վերափոխման անհրաժեշտության մասին, զգուշացրել էր, որ իր համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում, որ այսուհետ թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ օրենքով սահմանված չափի եւ ձեւի մեջ: Մեր աղբյուրները հայտնում են, որ օլիգարխ-պաշտոնյաները իրավիճակից համարժեք ելք են գտել: Պարզվում է` նրանցից յուրաքանչյուրը իր թիկնապահներին «07» մակնիշի դեղին համարանիշերով երկուական տաքսիների մեջ է «տեղավորում»` դրանով համ գայլերն են կուշտ մնում, համ ոչխարներն անվնաս: Դե, Սերժ Սարգսյանի հրահանգն էլ, մեծ հաշվով, համարվում է կատարված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG