Մատչելիության հղումներ

Սերգո Կարապետյանը խոստացավ գյուղնախարարությունը «լավագույն եւ օրինակելի» դարձնել


Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյան

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երկուշաբթի օրը Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին:

Վարչապետը մաղթեց, որ 2011 թվականը գյուղատնտեսության համար լինի հաջողակ տարի, քանի որ Կառավարությանը չեն գոհացրել նախորդ տարվա ցուցանիշները:

«Պարոն Կարապետյանը քննություն է բռնել, գյուղատնտեսության ոլորտում գիտակ մարդ է, ըստ էության գիտի բոլոր պրոբլեմները, եւ դա պետք է լինի հենց այն երաշխիքը, որ նա արագ մտնի աշխատանքային հունի մեջ եւ կարողանա իրականացնել այն բարեփոխումները, որ մենք ակնկալում ենք Գյուղատնտեսության նախարարությունից», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31-ին հրամանագիր էր ստորագրել Գերասիմ Ալավերդյանին Գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանագրով «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) անդամ, «Արտֆուդ» պահածոների գործարանի գլխավոր տնօրեն Սերգո Կարապետյանը նշանակվել էր Գյուղատնտեսության նախարար:

Այսօր Սերգո Կարապետյանը խոստացավ ղեկավարվել բացառապես Սահամանդրությամբ եւ օրենքներով:

«Նույնը պահանջելու եմ իմ ենթականերից: Ես ավելի շատ գործի մարդ եմ եւ մարդուն աշխատանքում գնահատում եմ առաջին հերթին իր կատարած աշխատանքի համար, մեր երկրին իր նվիրվածության եւ պարտականությունների ազնիվ կատարման համար», - ասաց Կարապետյանը:

Նորանշանակ նախարարը վարչապետին հավաստիացրեց, որ կարճ ժամանակում նախարարությունը կլինի «հանրապետության լավագույն եւ օրինակելի նախարարություններից մեկը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք գյուղնախարարությունում կադրային փոփոխություններ կիրականացվեն, թե ոչ, նորանշանակ նախարարը պատասխանեց. - «Ես իմ ծրագրերն ունեմ, իմ պահանջներն ունեմ, ովքեր, որ բավարարեցին այդ պահանջներին, իհարկե, պիտի աշխատեն: Իսկ ովքեր, որ չեն ուզում աշխատել, չեն աշխատելու: Ովքեր պատրաստակամ են իմ հետ լուծ քաշելու, անպայման կաշխատեն»:

Նորանշանակ նախարարը չի կարծում, թե գյուղնախարարությունում վիճակը շատ վատ է: Հարցին, թե որպես գործարար, ով առնչվել է գյուղատնտեսության բնագավառին, գո՞հ է նախարարության աշխատանքից, Կարապետյանը ասաց, թե շատ քիչ է շփվել նախարարության հետ, «տարվա մեջ 1-2 անգամ»:

«Իհարկե, այս ոլորտը ինձ համար հոգեհարազատ է, որովհետեւ ես 40 տարի աշխատում եմ այս համակարգում: Եթե գյուղատնտեսությունը չլինի, պտուղ-բանջարեղենը չլինի, արտադրությունը ինչպե՞ս պիտի աշխատեր: Այնպես որ, ես գիտեմ այն պրոբլեմները, որ կան գյուղում, գյուղացիական տնտեսություններում: Պիտի աշխատենք շտկել այդ բացթողումները, որ եղել են: Առաջին հերթին, պետք է գյուղի, գյուղացիների եւ նախարարության կապը վերականգվի», - ասաց Կարապետյանը:

Գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանն էլ ասաց, որ որպես ոլորտի թիվ մեկ պատասխանատու` իր մեղքի բաժինն ունի գյուղատնտեսության անկման մեջ:

«Փորձում եմ իմ տեղը զիջել գյուղատնտեսության ոլորտում ավելի փորձառու մարդկանց, որոնք մեր օգնությամբ կարող են այն խնդիրներ, որոնք մենք չկարողացանք [լուծել], թերի մնացին, 2011 թվականին իրագործել», ասաց Ալավերդյանը:

Նա նաեւ տեղակացրեց, որ չի դադարեցնի իր անդամակցությունը ՕԵԿ-ին:

«Ես այդ կուսակցության զավակն եմ, դա մեր մեծ ընտանիքն է, ինչպե՞ս կարող է մարդ հրաժարվել իր ընտանիքից», - ասաց նա:

Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը ՕԵԿ-ին անդամակցել է 2010 թվականի դեկտեմբերին:
XS
SM
MD
LG