Մատչելիության հղումներ

logo-print
Շաբաթ օրը Արիզոնայում զինված հարձակման թիրախ դարձած 40-ամյա կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը ամերիկացի հայամետ օրենսդիրների նոր սերնդի թերեւս ամենավառ ներկայացուցիչներից մեկն է:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Գիֆորդսը առաջին անգամ ամերիկյան Կոնգրեսի անդամ ընտրվեց 2006 թվականի նոյեմբերին` Արիզոնայի հարավն ընդգրկող 8-րդ կոնգրեսական ընտրատարածքից: Ամերիկյան լրատավամիջոցներն ընդգծում էին, որ Գիֆորդսը 2006-ի միջանկյալ ընտրություններում կարողացավ վստահ հաղթանակ տոնել մի ընտրատարածքում, որտեղ տարիներ շարունակ հաջողություն էին արձանագրում միայն Հանրապետական կուսակցության թեկնածուները:

Կոնգրեսում աշխատանքի առաջին իսկ օրերից Գիֆորդսն ընդգրկվեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում` դառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման առավել ակտիվ ջատագովներից մեկը:

2007 թվականի հոկտեմբերին, երբ ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագիծը հայտնվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, թուրքական կողմը մի շարք կոնգրեսականների, այդ թվում Գիֆորդսի հետ փորձեց ակտիվ լոբբիստական աշխատանք ծավալել: Ամերիկահայ որոշ աղբյուրների համաձայն` 2007-ի աշնանը թուրքերի խնդրանքով Գիֆորդսի հետ բացատրական զրույցներ էր վարում ամերիկյան քաղաքական դաշտի վետերաններից մեկը` Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեփհարդտը:

Չնայած այդ ճնշմանը` Գիֆորդսը ոչ միայն կողմ քվեարկեց բանաձեւի ընդունմանը, այլեւ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված էր. - «Որպես ազգությամբ հրեա` ես թե' բարոյական եւ թե' անձնական պարտավորություն եմ ստանձնել` դատապարտել ցեղասպանության ցանկացած դեպք: Եվ ինձ համար էական չէ, թե որտեղ եւ երբ է տեղի ունեցել այդ ցեղասպանությունը: Մեր երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ շատ կարեւոր են: Ընդհանրապես, կարեւոր են մեր երկրի հարաբերությունները բոլոր պետությունների հետ, սակայն պակաս կարեւոր չեն մեր հարաբերությունները մարդկության հետ: Այդ իսկ պատճառով, ես չեմ կարող իմ քվեով հերքել Հայոց ցեղասպանության սարսափազդու իրողությունը»:

Այդ օրերին, խոսելով թուրքական կողմի լոբբիստական գործողությունների մասին, կոնգրեսականը հայտարարում էր. - «Իմ որոշումը հիմնված է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների, Ամերիկայի դավանած սկզբունքների, այլ ոչ թե օտար պետության ահաբեկումների վրա: Ես համոզված եմ, որ ամերիկյան արտաքին քաղաքականության հիմքը պետք է լինի ճշմարտությունը»:

2008 թվականին Գիֆորդսը վերընտրվեց առանց լուրջ բարդությունների` մոտ 40 հազար քվեի առավելությամբ: 2010 թվականի գարնանը նա կրկին Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ արտահայտվող կոնգերսականների թվում էր. Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` 2010 թվականի մարտի 4-ին կայացած նիստի ընթացքում նա կողմ քվեարկեց թիվ 252 բանաձեւի հաստատմանը:

Արիզոնան Կոնգրեսում ներկայացնելու իրավունք Գաբրիել Գիֆորդսը ստացավ նաեւ 2010-ի նոյեմբերին անցկացված միջանկյալ ընտրություններում, որոնց ընթացքում եւս դեմոկրատ կոնգրեսականը վայելում էր Ամերիկայի հայկական կազմակերպությունների աջակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG