Մատչելիության հղումներ

Նորաձեւության եւ փառքի ճանապարհ. «Արշո Դիզայնը» աշխարհի բոլոր ծայրերում


Կոպիտ, ստվարաթղթե շալվարներից եւ ժանյակների մնացորդներից սարքված վերնաշապիկներից մինչեւ մոդայի վերջին ճիչը համարվող պերճաշուք կոշկեղենի ստեղծումն անցած դժվարին ճանապարհը Արշո Բաղսարյանը ջերմությամբ է հիշում, ու պատրաստ է անցնել այն կրկին։

Իսկ արդյունքները ավելին էին, քան իր ստեղծած կոշիկների դիզայնի համար աներեւակայելի փառքի արժանացած այս քնքուշ ու մեղմաբարո կինը երբեւէ երազել է։

Արշո Բաղսարյանը գրանցվել է ԱՄՆ-ի կաշվե իրերի արդյունաբերության Փառքի սրահում, նրա մասին գրում է Footwear News հեղինակավոր պարբերականը, իսկ Նյու Յորքի Նորաձեւության տեխնոլոգիաների ինստիտուտը երազում է ձեռք բերել նրա աշխատանքների արխիվը։

Վերելքի իր հաստատուն ճանապարհին Արշոն այցելել է աշխարհի բոլոր անկյունները՝ ցուցադրելով իր աշխատանքներն ու արժանանալով նորաձեւության կորիֆեյների ծափահարություններին։

Դեռ երիտասարդ էր՝ երբ Արշո Բաղսարյանը ստացավ Նյու Յորքի նորաձեւության Սելենիզ մրցանակը՝ լավագույն ուսանողական աշխատանքի համար։

«Քանի որ իմ մայրն էլ էր մոդելավորող, ես մանկուց շրջապատված էի ֆրանսիական մոդայիկ ամսագրերով եւ սիրահարված էի Ալտա Մոդային (բարձրաշխարհիկ նորաձեւության աշխարհին)», - պատմում է Արշոն։

Ստվարաթղթե կոշիկները, որոնք դեռատի աղջիկը սարքում էր ու դրանցով շրջում՝ սոսկ զվարճանքի համար, դարձան այն հիմքը, որի վրա կառուցվելու էր մի ամբողջ կյանք։

Արշոյի ծնողները հայեր էին՝ ծագումով Թուրքիայի Ամասիա քաղաքից, իսկ ինքը ծնվել է Նյու Յորքում, որտեղ եւ ուսանել է դիզայնի հեղինակավոր Պրատտ ինստիտուտում։

Նրա ձեւավորած կոշիկների գինը սովորաբար տատանվում է 150 ԱՄՆ դոլարից մինչեւ 2000-ի սահմաններում։ Արշոյի ստեղծած կոշիկների մեկ զույգը անգամ վաճառվել է աստղաբաշխական գնով՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարով, Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կազմակերպված աճուրդի ժամանակ, իսկ գումարը տրամադրվել է բարեգործական նպատակների։

Արշոյին կողքին միշտ եղել է ամուսինը՝ լուսանկարիչ Ավետիսը, ում աջակցությունն ու քննադատական գնահատականները նրան օգնեցին գտնել իր աշխատանքի վերջնական տեսությունը։

«Իմ կոշիկներն առանձնահատուկ են հենց դրանով», - ասում է Արշոն՝ իր դիզայնի տեսությունը բնութագրելով որպես «նորաձեւություն + գործառույթ» ու պարզաբանելով՝ «դա նշանակում է, որ իմ կոշիկները սիրուն են, բայց նաեւ հարմարավետ»։

Արշոն վերահսկում է իր կոշիկների ստեղծման բոլոր փուլերը. թղթի վրա կոշիկի մոդելը նկարելուց հետո նա ինքն է ընտրում նյութերն ու գույները, որոնցից այն պետք է կարվի, որոշում է ճարմանդների ձեւը, զարդանախշերն ու բոլոր դետալները, ստեղծելով այն առաջին օրինակը, որը ցուցադրվելու է գործարանային արտադրողին։

Նրա կոշիկները վաճառվում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ողջ աշխարհում։

«Նույնիսկ այժմյան տնտեսական ճգնաժամի պայմաններում կոշիկները, հատկապես նորաձեւ կոշիկները, ամենալավ վաճառվող ապրանքն են», - ասում է Արշոն ու ընդգծում՝ ինքը մրցակցությունից չի վախենում։

Նա ստեղծում է նաեւ մատչելի կոշիկներ, որոնք արտադրվում են Չինաստանում եւ ներկրվում ԱՄՆ։ Հիշում, թե ինչպես դեռ 1980 թվականին ստեղծեց իր առաջին կոշիկների շարքը, որոնք այնտեղ էին արտադրվելու։ Այդ տարիներին Չինաստանում հումքի խնդիր կար, եւ հարկ էր լինում հումք ներկրել Իսպանիայից եւ Իտալիայից։

Փառքի սրահ նրա մուտքը ազդարարեց նաեւ երկար եւ վաստակաշատ կարիերայի ավարտը, բայց Արշոն առայժմ չի պատրաստվում թոշակի անցնել։

«Այժմ ես զարդերի դիզայնով եմ զբաղվում՝ պարզապես հաճույքի համար», - ասում է նա։

Արշոն իր աշխատանքային կարիերան սկսել է որպես մարզահագուստի մոդելավորող։ Նա ստեղծել է նաեւ ձեռքի պայուսակներ, գոտիներ, վզնոցներ եւ մոդայիկ աքսեսուարներ, եւ ինչ խոսք՝ ամեն տեսակի կանացի կոշիկներ. ձմեռային տաք կոշիկներ, սանդալներ, էսպադրիլներ, երեկոյան էլեգանտ ու բարձրակրունկ կոշիկներ...

Եվ անցած 45 տարիների ընթացքում նա միայն կրում է իր ստեղծած կոշիկները, որպեսզի կարողանա փորձարկել դրանց հարմարավետությունն ու որակը։

«Այդ բոլոր կոշիկներն իմ զավակներն են», - ծիծաղում է Արշոն ու ասում, որ չի կարողանում դրանցից բաժանվել։

Դեռ 1963 թվականից նա սկսեց աշխատել Քրիստիան Դիորի հետ, ու այդ աշխատանքի տարիների ընթացքում էր, որ սովորեց իսպաներեն ու իտալերեն՝ հարստացնելով օտար լեզուների իմացության իր զինանոցը։

Նրա աշխատանքների օրինակները այսօր ցուցադրվում են Նորաձեւության տեխնոլոգիայի ինստիտուտում եւ երիտասարդ մոդելավորողների համար ներշնչանքի առարկա են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG