Մատչելիության հղումներ

Թուրքերը դադարում են Հայաստանը համարել սպառնալիք ներկայացնող երկիր


Հայ - թուրքական սահմանը
Հայ - թուրքական սահմանը
Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընդամենը 1 տոկոսն է Հայաստանը համարում սպառնալիք ներկայացնող երկիր, հարցվածների 27 տոկոսը կողմ է հայ - թուրքական սահմանի արագ ու առանց նախապայմանների բացմանը։

Հարցին` արդյո՞ք պետք է բացել երկու հարեւան երկրների միջեւ սահմանը, որ փակվել է 1993 թվականին` ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, հարցվածների 50 տոկոսը պատասխանել է` «ոչ, չպետք է բացել սահմանը», ավելի քան 27 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 22 տոկոսը դժվարացել է պատասխանել։

«Ո՞ր երկրից կարող է լինել ամենամեծ սպառնալիքը Թուրքիայի համար», - այս հարցին 43 տոկոսը պատասխանել է` Միացյալ Նահանգներից, 24 տոկոսը` Իսրայելից։ Այս երկու ցուցանիշներից հետո արդյունքները կտրուկ նվազում են. 2-3 տոկոսի սահմաններում հարցվածները որպես սպառնալիք ներկայացնող երկրներ են նշել Իրանը, Հունաստանը, Իրաքը, Ռուսաստանը, իսկ 1 տոկոսի կարծիքով` Թուրքիայի համար սպառնալիք է Հայաստանը։ Հարցվածների ավելի քան 1 տոկոսը ասել են, թե ոչ մի երկիր էլ Թուրքիայի համար սպառնալիք չէ, իսկ գրեթե 19 տոկոսը դժվարացել են պատասխանել։

Դեկտեմբերին անցկացված հարցումների արդյունքները թուրքական մամուլը հրապարակել է չորեքշաբթի օրը։

Հարցումներն անցկացրել է MetroPOLL ռազմավարական եւ հասարակական հետազոտությունների կենտրոնը, որը տեղակայված է Անկարայում։ Հարցումներն անցկացվել են Թուրքիայի 31 նահանգներում, դրանց մասնակցել են 1500-ից ավելի ռեսպոնդենտներ։

Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Օզեր Սենսարը Hurriyet Daily News պարբերականին ասել է, թե նախկին տարիների հարցումներում որպես Թուրքիայի համար հիմնական սպառնալիք ներկայացնող երկրներ նշվում էին Հայաստանը, Հունաստանը, Ռուսաստանը, բայց հիմա մոտավորապես 1-2 տոկոսի սահմաններում են նրանց սպառնալիք համարում: «Թուրքերը նրանց այլեւս թշնամի չեն համարում», - ասել է Սենսարը, որի կարծիքով` սա Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիրներ հարեւանների հետ» ռազմավարության արդյունք է:

Միացյալ Նահանգները սպառնալիք համարող 43 տոկոսը ամենաբարձր ցուցանիշն է, որ երբեւէ գրանցվել է մինչ այժմ անցկացված նմանատիպ հարցումներում։

«Հետաքրքիր է, որ թուրք ժողովուրդը որպես սպառնալիք է ընկալում դաշնակից Միացյալ Նահանգները, որի հետ Թուրքիան բարձր մակարդակի երկկողմ հարաբերություններ ունի եւ որի հետ ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ են», - ասել է Օզեր Սենսարը:

Նա նշել է, որ մինչեւ Իրաքի պատերազմը Թուրքիայում ԱՄՆ-ը չի ընկալվել որպես սպառնալիք ներկայացնող երկիր, սակայն Իրաք ներխուժելուց հետո, հատկապես` Իրաքի հյուսիսում թուրք զինվորների ձերբակալությունից հետո, որոնց գլխներին պարկեր էին հագցրել, ԱՄՆ-ի դեմ բացասական տրամադրություններ առաջացան:

Սենսարը ավելացրել է, որ լարվածությունը աճել է նաեւ Աֆղանական պատերազմի ու հայկական հարցի պատճառով, որ յուրաքանչյուր տարի բարձրացվում է ԱՄՆ-ի Կոնգրեսում։

Նա նշել է, որ եթե Բարաք Օբամայի վարչակազմը փոփոխություն չմտցնի այս միտումներում, Միացյալ Նահանգների նկատմամբ վերաբերմունքը Թուրքիայում կարող է ավելի վատանալ։

Հարցումները ընդգրկել են նաեւ Թուրքիայի ներքաղաքական կյանքին վերաբերող կետեր։ Ըստ այդմ, եթե այսօր Թուրքիայում ընտրություններ անցկացվեն, ապա վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կհաղթի ավելի քան 45 տոկոսով, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կստանա ընտրողների քվեների գրեթե 31 տոկոսը, «Ազգային շարժում» կուսակցությունը` 14 տոկոսը, քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը կարող է ստանալ ձայների 6.5 տոկոսը։

Հարցվածների 17 տոկոսն ասել է, թե կբոյկոտի ընտրությունները։

Հարցվածների 50 տոկոսի կարծիքով` Թուրքիան գնում է ճիշտ ուղղությամբ, 44 տոկոսի կարծիքը հակառակն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG