Մատչելիության հղումներ

Տոնական օրերին արձանագրվել է 35 արտակարգ պատահար


Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Գոհար Բաղդասարյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ներկայացրեց, թե 2011 թվականի առաջին օրերին Հանրապետությունում ինչ արտակարգ պատահարներ են գրանցվել:

«Հունվարի 1-ից մինչեւ հունվարի 6-ի առավոտյան ժամը 6-ի դրությամբ Հանրապետությունում արձանագրվել է 35 արտակարգ պատահարի արձագանք, որոնք մեջ գերակշիռ թիվ են կազմել ճանապարհատրանսպորտային պատահարները եւ կենցաղային կանչերը», - ասաց Բաղդասարյանը` պարզաբանելով. - «Կենցաղային կանչ ասելով` նկատի ունենք, որ եթե բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, խնդրում են, որ փրկարարները գնան, դուռը բացեն: Կամ դեպք է եղել, երբ վերելակը պոկվել է, ընկել է հորանի մեջ, վերելակում մարդ է եղել, մեր փրկարարները գնացել, օգնել են»:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը «Ազատություն» ռադիոկայանին նախ տեղեկացրեց. - «Առողջապահության նախարարի դեկտեմբերի 28-ի հրամանով Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցության բժշկական կազմակերպություններում հերթապահություններ են կազմակերպվել: Այս օրերին ընթացքում գործել է Առողջապահության նախարարության «թեժ գիծը»: Շատ լուրջ բողոքներ չեն եղել»:

Հունանյանը նաեւ փոխանցեց, թե այս տարվա առաջին օրերին ինչ վիճակ է եղել շտապ բուժօգնության կանչերի առումով. - «Այս տարվա ընթացքում շտապ օգնության կանչերը ակտիվացել էին սովորականի համեմատ: Մինչեւ հունվարի 4-ը արձանագրվել է Երեւանում մինչեւ 650 կանչ: Երեկվանից սկսած արդեն այդ կանչերը 100-ով պակասել են, իսկ այսօրվա դրությամբ ընդամենը 60 կանչ է արձանագրվել: Կանչերի մեծ մասը պայմանավորված է շնչառական վարակներով, ծանր դեպքեր չեն եղել… Շնչառական վարակներով, թոքաբորբով այս պահին Հանրապետությունում հոսպիտալացված է 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար»:

Ըստ Ոստիկանության հրապարակած օպերատիվ ամփոփագրի, 2011 թվականի հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, որոնց հետևանքով 3 մարդ զոհվել է, 55-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG