Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Լուծումը կարող է լինել նաեւ ռազմական»


«Եթե դիվանագիտական մեթոդները արդյունք չտան, մենք պատրաստ ենք օգտագործել ցանկացած միջոցներ` վերադարձնելու մեր տարածքները», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեքսիկական The News թերթին տված հարցազրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է: Մեր տարածքի գրեթե 20 տոկոսը օկուպացված է Հայաստանի կողմից», - ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը: - «Ցավոք, միջազգային հանրությունը, մասնավորապես` [միջնորդական առաքելություն իրականացնող] ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, բավարար ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Մենք պետք է ակտիվացնենք մեր բանակցությունները»:

«Վերջ ի վերջո, դա ժամանակի հարց է, անշուշտ, ես բացարձակապես վստահ եմ, որ Հայաստանը վերջին հաշվով կվերադարձնի մեր տարածքները, քանի որ դա միջազգային իրավունքի հարց է», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Որպես արտգործնախարար` ես միշտ գերադասում եմ դիվանագիտական լուծումները: Մենք կփորձենք օգտագործել դիվանագիտական միջոցները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար», - հայտարարել է Մամեդյարովը եւ հավելել. - «Չեմ կարծում, թե մենք սպառել ենք բոլոր դիվանագիտական տարբերակները այդ հարցով: Սակայն եթե Ադրբեջանի դեմ օգտագործվեն ռազմական միջոցներ, ինչպես արդեն տեղի է ունեցել ավելի վաղ, լուծումը կարող է լինել ռազմական»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG