Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայում ավտովթարի հետեւանքով մեկ մարդ մահացել է, կան վիրավորներ


Երեւանյան տրանսպորտ, արխիվ

Երեւանյան տրանսպորտ, արխիվ

Երկուշաբթի երեկոյան Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մեկը ճանապարհին մահացել է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը, «հունվարի 3-ին ժամը 21:00-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 20:55-ին 1982 թվականին ծնված Կարեն Խաչատրյանի վարած BMW X-5 մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է»:

«Հիշյալ ավտոմեքենան այնուհետեւ բախվել է 1982 թվականին ծնված Մկրտիչ Բաբաջանյանի վարած Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ 1988 թվական ծնված Գառնիկ Թադեւոսյանի վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով Մկրտիչ Բաբաջանյանը եւ նրա 7 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց», - ասաց Բալյանը` հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված` տաքսու 7 ուղեւորներից 3-ը 1, 2 եւ 5 տարեկան երեխաներ են` Գառնիկ, Լիլիթ եւ Հասմիկ Հովհաննիսյանները:

Ըստ որոշ տեղեկությունների` Կարեն Խաչատրյանը Նորագյուղի բնակիչ է եւ «Արցախբանկ» ընկերությունում աշխատում է որպես առաջին կարգի մասնագետ:

Վարուժան Բալյանը նշեց, որ Խաչատրյանը ձերբակալված չէ:

«Ներկայումս նախաքննություն է ընթանում: Առայժմ ինչքան [տեղեկություններ] հաղորդեցի` այդքանը ունենք: Առաջիկայում եթե լինի, անպայման կտեղեկացնենք», - ասաց Բալյանը:

Հարցին` արդյոք BMW-ի վարորդը ոգելից խմիչքների ազդեցության ներքո՞ էր, ոստիկանության ներկայացուցիչը արձագանքեց. - «Դա նախաքննության ընթացքում կպարզվի»:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, ուր տեղափոխվել են տաքսու ուղեւորները, հերթապահ բժիշկը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց միայն, որ նրանց բոլորի վիճակը կայուն միջին ծանրության է:

Համաձայն ոստիկանության օպերատիվ ամփոփագրի` 2011 թվականի հունվարի 1-ից 4-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, որոնց հետեւանքով 3 մարդ զոհվել է, 55-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վարուժան Բալյանը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց նաեւ հունվարի 1-ի երեկոյան Երեւանի Մյասնիկյան պողոտայում` «Ջրաշխարհ»-ի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները. - «Հունվարի 1-ին ժամը 22:00-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում միմյանց են բախվել տարբեր մակնիշների 16 ավտոմեքենա, որի հետեւանքով մեկ վարորդ եւ մեկ ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG